«Ալաշկերտը» բաց թողեց հաղթանակը ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ առաջ լինելով 2:0 հաշվով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալաշկերտը» կարևոր միավորներ կորցրեց Հայաստանի առաջնության ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Վահե Գևորգյանի թիմը մինչև 56-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2։
Կարեն Նալբանդյանն ու Մոմո Տուրեն մեկական գոլի հեղինակ դարձան և ընթացիկ առաջնությունում իրենց խփած գոլերի թիվը հասցրին 11-ի։ Այդ գոլերը «Ալաշկերտին» թույլ տվեցին ստանալ հարմար առավելություն, սակայն ԲԿՄԱ-ի երիտասարդ թիմը չհանձնվեց։
Հանդիպման վերջնամասում ԲԿՄԱ-ն կարողացավ փրկել խաղը․ Սուրեն Կիրակոսյանն աչքի ընկավ 79-րդ րոպեին, իսկ Պետիկ Մանուկյանը գոլ խփեց երեք րոպե անց՝ 82-րդ րոպեին։ 19-ամյա վինգեր Սուրեն Կիրակոսյանի համար սա դեբյուտային գոլն էր Հայաստանի Պրեմիեր լիգայում, իսկ պաշտպան Պետիկ Մանուկյանը ընթացիկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում արդեն երրորդ անգամ։
Նշենք, որ «Ալաշկերտը» խաղն ավարտեց փոքրաթիվ կազմով։
Այս ոչ-ոքին լրջորեն բարդացրեց «Ալաշկերտի» դրությունը։ Թիմը փաստացի դուրս մնաց չեմպիոնական պայքարից և զգալիորեն վատթարացրեց իր հնարավորությունները եվրագավաթների ուղեգրի համար պայքարում։
Մրցաշրջանի ավարտին «Ալաշկերտին» մնացել է երեք հանդիպում՝ «Գանձասարի», «Վանի» և «Շիրակի» դեմ։ Խաղացանկը համեմատաբար հարմար է թվում, իսկ առաջատարների միջև կայանալիք անձնական հանդիպումները հաշվի առնելով՝ թիմը դեռ պահպանում է եվրագավաթների ուղեգիր նվաճելու շանսերը։ Սակայն «Ալաշկերտն» այլևս սխալվելու իրավունք չունի։
ՀՊԼ թոփ-5․
- Արարատ-Արմենիա — 48 միավոր, 22 հանդիպում
- Ուրարտու — 45 միավոր, 23 հանդիպում
- Փյունիկ — 44 միավոր, 21 հանդիպում
- Ալաշկերտ — 44 միավոր, 24 հանդիպում
- Նոա — 42 միավոր, 21 հանդիպում
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0