«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել «Գաբալայի» վինգեր Դոմի Ժորես Մասսումուի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը նոր մրցաշրջանի և եվրագավաթների մեկնարկից առաջ։ Հայկական ակումբի նորեկ է դարձել 23-ամյա վինգեր Դոմի Ժորես Մասսումուն, որը նախկինում հանդես էր գալիս ադրբեջանական «Գաբալայում»։
Ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Մասսումուն աջլիկ եզրային հարձակվող է և նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Ադրբեջանի առաջնությունում։
Ադրբեջանի Պրեմիեր լիգայում անցկացրած մեկ մրցաշրջանում Դոմի Ժորես Մասսումուն դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ նա հանդես էր գալիս առաջին լիգայում, որտեղ նույնպես աչքի էր ընկել բարձր արդյունավետությամբ՝ մեկ մրցաշրջանում խփելով 18 գոլ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 650 հազար եվրո։
Մինչ Ադրբեջան տեղափոխվելը Մասսումուն հանդես էր գալիս միայն իր հայրենիքում՝ Կոնգոյում։ Ֆուտբոլիստի ակտիվում կա նաև երեք հանդիպում Կոնգոյի ազգային հավաքականի կազմում։
Նշենք, որ Դոմի Ժորես Մասսումուն արդեն «Ալաշկերտի» երկրորդ ամառային նորեկն է, որը տեղափոխվել է ադրբեջանական ակումբից։ Ավելի վաղ հայկական թիմը պայմանագիր էր կնքել պաշտպան Սեզարի հետ։ Ընդ որում, երկու ֆուտբոլիստներն էլ «Ալաշկերտին» միացել են ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում «Ալաշկերտը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։ Առաջին փուլում հայկական ակումբը կմրցի ղազախական «Ելիմայի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին։