Հակոբովան և Ռախմանինը պատմական բրոնզ են նվաճել Գրան պրիի NHK Trophy փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալ են նվաճել Տոկիոյում կայացած NHK Trophy մրցաշարում։ Հայաստանը ներկայացնող մարզական զույգը երկու ծրագրերի արդյունքում հավաքել է 178,39 միավոր և առաջին անգամ բարձրացել գեղասահքի միջազգային Գրան պրիի փուլի պատվանդան։ Ելույթից հետո Հակոբովան այս արդյունքը պատմական է անվանել Հայաստանի համար։
Զույգը կարճ ծրագրում վաստակել էր 66,95 միավոր և զբաղեցնում էր երրորդ տեղը։ Նոյեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, Հակոբովան և Ռախմանինը ազատ ծրագրում ևս երրորդն էին՝ 111,44 միավորով, և պահպանեցին իրենց դիրքը։ Մրցավարները տեխնիկական տարրերը գնահատել են 54,89, իսկ ծրագրի բաղադրիչները՝ 58,55 միավոր։ Ընդհանուր գնահատականից հանվել է երկու տուգանային միավոր։
Տոկիոյում հաղթել են Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազեն և Նիկիտա Վոլոդինը (213,08 միավոր)։ Արծաթե մեդալը նվաճել են ճապոնացիներ Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին (195,69)։ Շենժենում կայացած նախորդ մրցելույթում Հակոբովան և Ռախմանինը բրոնզի համար պայքարում հենց այս զույգին էին զիջել ընդամենը 0,04 միավորով։
«Իհարկե, ուրախ ենք, որ նվաճեցինք Գրան պրիի մեր առաջին մեդալը։ Զգում եմ, որ սա պատմական պահ է մեր երկրի համար։ Հուսով եմ՝ հետագայում քայլ առ քայլ կշարունակենք առաջադիմել և պատմության նոր էջեր կգրենք», — ասել է Հակոբովան։
NHK Trophy-ն շարքի վեցերորդ փուլն էր։ Երկու փուլերի արդյունքներով Հակոբովան և Ռախմանինը հավաքել են 20 միավոր և մարզական զույգերի Գրան պրիի ընդհանուր հաշվարկում զբաղեցրել իններորդ տեղը։