Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է «սխալ նույնականացման» կանոնը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԱՄՆ-ի և Պարագվայի հավաքականների՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության խաղում գրանցվել է պատմական պահ ֆուտբոլի և VAR համակարգի համար։ Առաջին անգամ պաշտոնապես կիրառվել է «սխալ նույնականացման» սկզբունքը՝ Wrong Identity Rule-ը։
Դրվագը տեղի է ունեցել խմբային փուլի առաջին տուրի հանդիպման ընթացքում։ Գլխավոր մրցավարը սկզբում դեղին քարտ է ցույց տվել ԱՄՆ հավաքականի պաշտպան Թիմ Ռիմին՝ համարելով, որ նա խախտում է կատարել Պարագվայի հավաքականի հարձակվող Միգել Ալմիրոնի նկատմամբ։
Սակայն VAR-ի միջամտությունից հետո որոշումը վերանայվել է։ Տեսաօգնական մրցավարները գլխավոր մրցավարի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ Ռիմը խախտում չի կատարել, իսկ Ալմիրոնն ինքն է սիմուլյացիայի դիմել՝ ձևացնելով անկում։
Դրվագը դիտելուց հետո մրցավարը չեղարկել է ամերիկացի պաշտպանի դեղին քարտը և զգուշացրել արդեն Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստին՝ սիմուլյացիայի համար։
Այս դեպքը դարձել է «սխալ նույնականացման» նոր կանոնի առաջին պաշտոնական կիրառումը ֆուտբոլի պատմության մեջ։ Կանոնի էությունն այն է, որ VAR-ը կարող է միջամտել ոչ միայն գոլերի, 11-մետրանոցների կամ հեռացումների դեպքում, այլ նաև այն իրավիճակներում, երբ պատիժը սխալմամբ նշանակվել է ոչ այն ֆուտբոլիստին։
Թիմ Ռիմի համար այս որոշումն առանձնահատուկ նշանակություն ուներ. սխալ դեղին քարտը կարող էր ազդել նրա վիճակի վրա խմբային փուլի հաջորդ հանդիպումներում՝ զգուշացումների կուտակման պատճառով որակազրկման վտանգ ստեղծելով։
ԱՄՆ — Պարագվայ հանդիպումը, որն ավարտվել է ամերիկացիների վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով, հիշարժան դարձավ ոչ միայն դաշտի տերերի հաջող խաղով, այլև պատմական մրցավարական դրվագով։ Այն կարող է կարևոր նախադեպ դառնալ VAR համակարգի հետագա կիրառման համար համաշխարհային ֆուտբոլում։