«Տիգրանը պետք է դադարի McDonald’s ուտել». «Սլովանի» ղեկավարի կոշտ հայտարարությունը Բարսեղյանի մասին
- Հեղինակ: Vahe hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը շարունակում է մնալ Բրատիսլավայի «Սլովանի» կարևոր ֆուտբոլիստներից մեկը, սակայն Վլադիմիր Վայս ավագի հեռանալուց հետո նրա կարգավիճակը ակումբում կարող է փոխվել։ Թիմում նոր փուլ է սկսվում, և ղեկավարությունը հասկացնել է տվել՝ նախկին զիջումներն այլևս չեն լինելու։
«Սլովանի» գլխավոր տնօրեն Իվան Կմոտրիկ կրտսերը, մեկնաբանելով Բարսեղյանի իրավիճակը, հայտարարել է, որ նոր գլխավոր մարզչի գալուց հետո բոլոր ֆուտբոլիստները սկսելու են մաքուր էջից և պետք է կրկին ապացուցեն իրենց տեղը հիմնական կազմում ունենալու իրավունքը։
«Ինչ վերաբերում է եզրերին, մենք դեռ հույսեր ենք կապում Տիգրանի հետ։ Բայց նոր մարզչի և նոր էներգիայի գալով՝ մեզ մոտ բոլորը սկսում են զրոյից։ Յուրաքանչյուրն ստիպված է լինելու պայքարել իր տեղի համար։ Այսպես ասեմ՝ Տիգրանը պետք է դադարի McDonald’s ուտել և սկսի ամբողջ ուժով մարզվել, որպեսզի տպավորի նոր մարզչին», — Կմոտրիկի խոսքն է մեջբերում Na Tehelnom poli փոդքաստը։
Ֆունկցիոների խոսքով՝ McDonald’s-ի մասին արտահայտությունը մասամբ հնչել է կատակով, սակայն թեման ակումբի ներսում լավ հայտնի է։ Ավելի վաղ Վայս ավագը խոստովանել էր, որ Բարսեղյանն իսկապես սովորություն ուներ խաղերից առաջ այցելել McDonald’s, սակայն մարզիչը աչք էր փակում դրա վրա, քանի որ հայ ֆուտբոլիստը հաճախ արդյունք էր ապահովում թիմի համար։
«Նոր ռեժիմում այլևս տեղ չի լինի որևէ զիջման կամ հատուկ վերաբերմունքի համար։ Բոլորը գիտեն, որ սա քննարկվող թեմա էր։ Տիգրանի և մարզիչ Վայսի հարաբերությունները շատ մտերիմ էին, նույնիսկ՝ առանձնահատուկ», — նշել է Կմոտրիկը։
Միևնույն ժամանակ «Սլովանի» ղեկավարը շեշտել է, որ բարձր է գնահատում Բարսեղյանի ֆուտբոլային որակները, սակայն նրանից ավելի մեծ կայունություն է սպասում։ Նրա խոսքով՝ հայ կիսապաշտպանը կարող է ֆանտաստիկ ֆուտբոլիստ լինել, երբ լիարժեք աշխատում է և կենտրոնացած է խաղի վրա, սակայն ակումբին անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ, որոնք պատրաստ են առավելագույնը ցույց տալ յուրաքանչյուր խաղում, ոչ միայն այն ժամանակ, երբ ունեն համապատասխան տրամադրություն։
Բարսեղյանի «ծիսակարգի» պատմությունը վաղուց դարձել է նրա կերպարի մաս Սլովակիայի ֆուտբոլում։ Վայս ավագը նախկինում նշել էր, որ Տիգրանի հետ աշխատելը հեշտ չէ, բայց միևնույն ժամանակ նրան անվանել էր «Սլովանի» համար անփոխարինելի ֆուտբոլիստ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես բազմիցս հումորով է խոսել մարզումային գործընթացի նկատմամբ իր յուրահատուկ մոտեցման մասին։
Բարսեղյանը Սլովակիայի առաջնության ամենավառ և հակասական ֆուտբոլիստներից մեկն է։ Նա սիրում է էմոցիաներ, ժեստեր, սադրանքներ և հաճախ ֆուտբոլը վերածում է իսկական շոուի։ Բայց դրա հետ մեկտեղ նա կարողանում է լուծել մեծ խաղերի ելքը, խփել կարևոր գոլեր և պատասխանատվություն վերցնել վճռորոշ պահերին։
2025/26 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը անցկացրել է 37 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Առաջնության վերջնամասում նա լավ մարզավիճակ էր հավաքել, աչքի էր ընկել վերջին չորս տուրերից երեքում և օգնել «Սլովանին» կարևոր խաղերում՝ Տրնավայի «Սպարտակի» և «Դունայսկա Ստրեդայի» դեմ։
Մեկ տարի առաջ Բարսեղյանն անցկացրել էր իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը․ 2024/25 մրցաշրջանում նա 48 խաղում խփել էր 24 գոլ, իսկ Սլովակիայի առաջնությունում 20 գոլով Դավիդ Ստրելեցի հետ կիսել էր մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումը։
Տիգրան Բարսեղյանը «Սլովան» է տեղափոխվել 2022 թվականի հունվարին «Աստանայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այդ ժամանակից ի վեր նա ակումբում անցել է տարբեր փուլերի միջով՝ երկրպագուների և մարզչի քննադատությունից մինչև հերոսի կարգավիճակ, որը խփում էր վճռորոշ գոլեր և օգնում թիմին հասնել մեծ արդյունքների։
Այժմ Բարսեղյանի համար նոր մարտահրավեր է սկսվում։ Վայս ավագի հեռանալուց հետո հայ ֆուտբոլիստը «Սլովանում» ստիպված կլինի նորից ապացուցել իր արժեքն արդեն նոր մարզչական շտաբի առջև։ Ակումբում հասկացնում են՝ Տիգրանի տաղանդը ոչ ոք կասկածի տակ չի դնում, սակայն նոր նախագծում միայն տաղանդը բավարար չի լինելու։
Բարսեղյանի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը, սակայն հավանական է, որ նա թիմը լքի արդեն այս ամռանը, իսկ «Սլովանը» կփորձի նրա տրանսֆերից որոշակի գումար ստանալ։