Ռոնալդինյոն 46 տարեկանում պայմանագիր է կնքել «Ռավեննայի» հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կդառնա իտալական Սերիա C-ում հանդես եկող «Ռավեննա» ակումբի նախագծի մի մասը։
Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ 46-ամյա Ռոնալդինյոն հայտավորվելու է ակումբի կազմում առաջիկա մրցաշրջանի համար։ Պաշտոնական շնորհանդեսը սպասվում է հունիսի 23-ին Մայամիում։
«Ռոնալդինյոն տարիք չունեցող չեմպիոն է, նա կգա Ռավեննա։ Սա մեզ համար բացառիկ հաջողություն է», — հայտարարել է ակումբի փոխնախագահը։
Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի վերադարձը չպետք է դիտարկել որպես լիարժեք վերադարձ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Ամենայն հավանականությամբ, Ռոնալդինյոն կմասնակցի առանձին ընկերական հանդիպումների, իսկ նրա հայտնվելը ակումբում առաջին հերթին կունենա խորհրդանշական և մարքեթինգային նշանակություն։
Ռոնալդինյոն նաև կապված է «Ռավեննայի» հետ որպես բաժնետեր։ Բանակցություններում կարևոր դեր են խաղացել նրա հարաբերությունները ակումբի սեփականատեր Իգնացիո Չիպրիանիի հետ։
Նախորդ մրցաշրջանում «Ռավեննան» շատ մոտ էր կարգավիճակի բարձրացմանը։ Ակումբը հույս ունի, որ Ռոնալդինյոյի մասնակցությունը կօգնի մեծացնել նախագծի հանդեպ հետաքրքրությունը և ուժեղացնել թիմի բրենդը Սերիա B դուրս գալու պայքարում։
Ռոնալդինյոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր մի քանի տարի առաջ։ Իր կարիերայի ընթացքում նա Բրազիլիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, «Բարսելոնայի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում և 2005 թվականին արժանացել «Ոսկե գնդակին»։
