Մեսսին, Մբապեն և Հոլանդը վառ մեկնարկեցին ԱԱ-2026-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Աշխարհի 2026 թվականի առաջնությունում ավարտվեց առաջին տուրի ամենաարդյունավետ և աստղային խաղային օրերից մեկը։ Իրենց հանդիպումներն անցկացրին Ֆրանսիայի, Նորվեգիայի, Արգենտինայի և Ավստրիայի հավաքականները, իսկ օրվա գլխավոր հերոսները դարձան Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը և Լիոնել Մեսսին։
Ֆրանսիան մրցաշարը սկսեց Սենեգալի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակով։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն Դիդյե Դեշամի թիմը ընդմիջումից հետո ավելացրեց։ Կիլիան Մբապեն դուբլ ձևակերպեց և դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ ազգային թիմում իր գոլերի քանակը հասցնելով 58-ի։ Ֆրանսիացիների կազմում ևս մեկ գոլ խփեց Բրեդլի Բարկոլան։ Սենեգալը փոխհատուցված ժամանակում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն վերջին խոսքը կրկին Մբապեինն էր։
Ոչ պակաս տպավորիչ ստացվեց Էրլինգ Հոլանդի դեբյուտը աշխարհի առաջնություններում։ Նորվեգիան վստահ հաղթանակ տարավ Իրաքի նկատմամբ՝ 4:1 հաշվով, իսկ հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ գլխավոր մրցաշարում իր առաջին իսկ խաղում։ Իրաքը որոշ դրվագներում վտանգավոր էր և պահեր ստեղծեց, սակայն չկարողացավ իրացնել դրանք։ Վերջնամասում Նորվեգիան հաղթանակը խոշոր դարձրեց․ աչքի ընկավ Լեո Էստիգորը, իսկ ևս մեկ գոլ գրանցվեց որպես Այմեն Հուսեյնի ինքնագոլ։
Օրվա գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Արգենտինա — Ալժիր խաղում։ Աշխարհի գործող չեմպիոնները հաղթեցին 3:0 հաշվով, իսկ Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց։ Արգենտինայի հավաքականի 38-ամյա ավագի համար սա կարիերայի արդեն վեցերորդ աշխարհի առաջնությունն է՝ պատմական նոր ցուցանիշ։ Երեք գոլերի շնորհիվ Մեսսին աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով հավասարվեց Միրոսլավ Կլոզեին․ երկուսն էլ այժմ ունեն 16 գոլ։
Օրվա վերջին խաղում Ավստրիան 3:1 հաշվով հաղթեց Հորդանանին։ Ավստրիացիների համար սա վերադարձ էր աշխարհի առաջնություն 1998 թվականից հետո առաջին անգամ, և թիմը մրցաշարը սկսեց հաղթանակով։ Հորդանանը, որը նորամուտն էր նշում աշխարհի առաջնությունում, նույնպես պատմություն կերտեց․ Ալի Օլվանը խփեց հավաքականի առաջին գոլը աշխարհի առաջնություններում։ Սակայն Ավստրիան ուժեղ գտնվեց, իսկ վերջնամասում վետերան Մարկո Առնաուտովիչը 11-մետրանոցից սահմանեց վերջնական հաշիվը։
ԱԱ-2026-ի խաղային օրվա բոլոր արդյունքները․
Ֆրանսիա — Սենեգալ — 3:1
Իրաք — Նորվեգիա — 1:4
Արգենտինա — Ալժիր — 3:0
Ավստրիա — Հորդանան — 3:1
Աշխարհի առաջնության առաջին տուրը մոտենում է ավարտին։ Այսօր կկայանան խմբային փուլի մեկնարկային շրջանի վերջին հանդիպումները, որտեղ առաջին պլան դուրս կգան համաշխարհային ֆուտբոլի ևս երկու մեծ աստղեր՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Հարի Քեյնը։