Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալ նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Մարգարյանը (70 կգ) դարձել է Մ23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Առաջնությունը անցկացվում է Սերբիայի Զրենյանին քաղաքում։
Մարգարյանը մրցաշարը սկսել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմի Էլթեմիրովին պարտությամբ։ Քանի որ Էլթեմիրովը դուրս է եկել եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն է ստացել շարունակելու պայքարը մեդալի համար՝ սփոփիչ գոտում։
Սփոփիչ փուլում Դավիթը վստահ հաղթել է իտալացի Դանիելե Գուբբիոտտիին՝ 11:4 հաշվով, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության է հասել գերմանացի Մարսել Վագինի նկատմամբ՝ 5:2։
Դավիթ Մարգարյանի համար սա առաջին մեդալն է երիտասարդական տարիքային խմբի Եվրոպայի առաջնություններում։
Այս մեդալը երկրորդն է Հայաստանի հավաքականի համար Զրենյանինում անցկացվող Մ23 Եվրոպայի առաջնությունում։ Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Արման Հարությունյանը (57 կգ)։ Բացի այդ, վաղը եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարի Լևիկ Միքայելյանը (61 կգ)։