Արտյոմ Ավանեսյանը կարիերան կշարունակի «Գանձասարում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Գանձասար» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է նոր մրցաշրջանից առաջ թիմի առաջին նորեկին։ Թիմի կազմը համալրել է 27-ամյա վինգեր Արտյոմ Ավանեսյանը։
Հայաստանի եռակի չեմպիոնը նախկինում հանդես է եկել «Փյունիկում», «Նոայում» և «Արարատ-Արմենիայում», իսկ պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի համակարգում։
Վերջին երկու մրցաշրջաններն Ավանեսյանն անցկացրել է «Նոայի» կազմում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 34 հանդիպման, խփել երկու գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Թիմի հետ ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։
Նոր մրցաշրջանը «Գանձասարը» կսկսի նորացված կազմով, նոր մարզահագուստով և նոր մարզչական շտաբով։ Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել 39-ամյա Կարեն Ավոյանը։
Մասնագետը նախկինում աշխատել է «Վեստ Արմենիա» և «Նոա» ակումբներում, ինչպես նաև Հայաստանի Մ-16, Մ-18 և Մ-19 պատանեկան հավաքականներում։ Ավելի ուշ Ավոյանը գլխավորել է Սաուդյան Արաբիայի «Աֆիֆ» ակումբը, որտեղ ճանաչվել է երկրի երկրորդ դիվիզիոնի առաջնության լավագույն մարզիչ։
«Գանձասարի» մարզչական շտաբը համալրել են նաև Վարդգես Մուրադյանը, որը կաշխատի որպես գլխավոր մարզչի օգնական, և դարպասապահների մարզիչ Օլեգ Գորվիցը։ Վահե Հարությունյանը կշարունակի աշխատանքը՝ զբաղեցնելով գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։
Միջմրցաշրջանային ժամանակահատվածում թիմը լքել է ֆուտբոլիստների մեծ մասը։ Միևնույն ժամանակ ակումբի հետ պայմանագրերը երկարաձգել են Շունտո Կանդան, Պատվական Ավետիսյանը, Բերտրան Մանին և Գրիգորի Մաթևոսյանը։
Այս պահին Արտյոմ Ավանեսյանը «Գանձասարի» պաշտոնապես ներկայացված միակ նորեկն է։