Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Չեռնոգորիային և նվաճեց խմբի առաջին տեղը Բիլի Ջին Քինգի գավաթում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Բիլի Ջին Քինգի գավաթում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը։ Սան Մարինոյում ընթացող Եվրոպա/Աֆրիկա գոտու երրորդ խմբի D ենթախմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի ընտրանուն։
Հանդիպումը լարված ընթացք ունեցավ, սակայն բոլոր երեք խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվեց հաղթանակ տանել։
Առաջին մենախաղում Անի Ամիրաղյանը կամային հաղթանակ տարավ Դիվնա Ռատկովիչի նկատմամբ՝ 6:2, 4:6, 6:4։ Այնուհետև Էլինա Ավանեսյանը նույնպես հաղթեց երեք սեթում՝ կոտրելով Տեա Նիցկևիչի դիմադրությունը՝ 4:6, 6:4, 6:0։
Հայաստանի հավաքականին երրորդ միավորը բերեցին Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը։ Զուգախաղում նրանք հաղթեցին Պետրա Միրկովիչ / Մաշա Պրիյովիչ զույգին՝ 6:1, 3:6, 10:8։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը մրցաշարում նույն՝ 3:0 հաշվով հաղթել էր Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականներին։ Այսպիսով, Հայաստանը խմբային փուլն ավարտեց առանց պարտության և զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։
Այս հաջողության շնորհիվ Հայաստանի կանանց հավաքականը իրավունք ստացավ մասնակցելու անցումային փլեյ-օֆֆին՝ հաջորդ մրցաշրջանում Բիլի Ջին Քինգի գավաթի Եվրոպա/Աֆրիկա գոտու երկրորդ խումբ դուրս գալու համար։
Վճռորոշ խաղում Հայաստանի մրցակիցը կլինի Էստոնիայի հավաքականը։
Նշենք, որ սա հայկական թենիսի արդեն երկրորդ հաջողությունն է վերջին օրերին. Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավելի վաղ ապահովել էր դասի բարձրացում Դևիսի գավաթում։
