Հավանաբար վերջին հանդիպումը կարիերայում․ Մխիթարյանը «Ինտերի» կազմում խաղն ավարտեց ավագի թևկապով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց, հնարավոր է, իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին հանդիպումը։ 37-ամյա հայ կիսապաշտպանը միլանյան «Ինտերի» կազմում խաղադաշտ դուրս եկավ Սերիա Ա-ի եզրափակիչ՝ 38-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ արտագնա խաղում։
Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքիով՝ 3։3։ «Ինտերը» խաղին մասնակցում էր արդեն Իտալիայի չեմպիոնի կարգավիճակով և մրցաշրջանը եզրափակեց վառ հանդիպումով արտագնա խաղում։ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 54-րդ րոպեին՝ փոխարինելով Նիկոլո Բարելային, իսկ 77-րդ րոպեին դեղին քարտ ստացավ։ Sofascore-ի տվյալներով՝ Մխիթարյանը ստացել է 6.7 գնահատական։
Այս երեկոն առանձնահատուկ էր նրանով, որ հայ ֆուտբոլիստը հանդիպումն ավարտեց ավագի թևկապով։ Մխիթարյանի համար այս խաղը կարող է վերջինը լինել ոչ միայն «Ինտերի» կազմում, այլև ամբողջ կարիերայում։
Հենրիխի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին։ Առաջիկայում նա պետք է վերջնական որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ՝ ընդունել «Ինտերի» առաջարկը պայմանագիրը երկարաձգելու մասին, թե ավարտել կարիերան։
Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։ Չորս մրցաշրջանի ընթացքում միլանյան գրանդի կազմում նա դարձավ թիմի ամենափորձառու և կարևոր ֆուտբոլիստներից մեկը՝ օգնելով ակումբին նվաճել վեց տիտղոս, այդ թվում՝ Սերիա Ա-ի երկու չեմպիոնական տիտղոս։
Եթե «Բոլոնիայի» դեմ հանդիպումը իսկապես դարձավ Մխիթարյանի կարիերայի վերջին խաղը, ապա լեգենդար հայ ֆուտբոլիստը իր ճանապարհն ավարտում է ամենաբարձր մակարդակով՝ Իտալիայի չեմպիոնի կազմում և Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկի ավագի թևկապով։