Վահե Աղասյանը հաղթել է Տալլինում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ձյուդոիստ Վահե Աղասյանը դարձել է Տալլինում կայացած ձյուդոյի Եվրոպայի բաց գավաթի հաղթող։ Հայաստանի հավաքականի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել մինչև 60 կգ քաշային կարգում։
Մրցաշարն անցկացվել է հունիսի 6-ից 7-ը Էստոնիայի մայրաքաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է վեց ձյուդոիստով և Եվրոպայի գավաթի խաղարկությունն ավարտել երկու մեդալով՝ ոսկե և բրոնզե։
Հայաստանի հավաքականի գլխավոր հաջողությունը գրանցել է Վահե Աղասյանը։ Մինչև 60 կգ քաշային կարգում նա վստահ մրցաշար է անցկացրել և հաղթանակներ տարել Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ։ Արդյունքում հայ ձյուդոիստը բարձրացել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Հայաստանի հավաքականի համար ևս մեկ մեդալ է նվաճել Գոռ Կարապետյանը, որը հանդես է եկել մինչև 100 կգ քաշային կարգում։ Նա դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր։ Կարապետյանը հաղթել է Ուկրաինայի, Իտալիայի և Խորվաթիայի ներկայացուցիչներին, սակայն պարտվել է Լատվիայի ձյուդոիստին։
Տալլինում ելույթից հետո Հայաստանի հավաքականը մեկնել է Խորվաթիայի Պորեչ քաղաք, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք։