Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-2026-ի վիճակահանությունը․ հայ ըմբիշների առաջին մրցակիցներն ու մրցումների ժամանակացույցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կայացել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների առաջին մրցակիցները, ինչպես նաև մրցումների ժամանակացույցը։
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումները կմեկնարկեն հոկտեմբերի 29-ին և կավարտվեն նոյեմբերի 1-ին։ Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն տարբեր օրերի՝ կախված քաշային կարգերից։
Հայաստանի հավաքականի վիճակահանության արդյունքները
57 կգ (1/16 եզրափակիչ). Մանվել Խնձրցյանը կմրցի հարավկորեացի Մին Յոկ Յունի և չինացի Ցինկան Սեի գոտեմարտի հաղթողի հետ։
61 կգ (1/16 եզրափակիչ). Արսեն Հարությունյան — Դերեկ Գուանախուատո (Մեքսիկա)։
65 կգ (1/16 եզրափակիչ). Վազգեն Թևանյան — Բատ-Էրդենե Բյամբասուրեն (Մոնղոլիա)։
70 կգ (1/8 եզրափակիչ). Արման Անդրեասյանը կմրցի թուրք Ֆերհաթ Քիլիջի և հնդիկ Վիշալ Կալիրամանայի գոտեմարտի հաղթողի հետ։
74 կգ (1/32 եզրափակիչ). Նարեկ Հարությունյան — Ինալբեկ Շերիև (Ռուսաստան)։
79 կգ (1/16 եզրափակիչ). Հրայր Ալիխանյան — Իբրահիմ Խանիև (Ռուսաստան)։










Այսպիսով, Հայաստանի երկու ներկայացուցիչներ արդեն մեկնարկային փուլում կհանդիպեն ռուսաստանցի ըմբիշների։ Նարեկ Հարությունյանի մրցակիցը կլինի Ինալբեկ Շերիևը, իսկ Հրայր Ալիխանյանը կգոտեմարտի Իբրահիմ Խանիևի հետ։
Նշված հայ ըմբիշներից առաջինը մրցագորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը (65 կգ), որը մեդալների համար պայքարը կսկսի հոկտեմբերի 29-ին։ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) կմեկնարկեն հոկտեմբերի 30-ին, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)՝ հոկտեմբերի 31-ին։
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2026․ ժամանակացույց
Ժամերը նշված են Երևանի ժամանակով (Մոսկվայի ժամանակից մեկ ժամ առաջ)։
Հոկտեմբերի 29, հինգշաբթի
-
09:30 — 65 և 97 կգ քաշային կարգերի որակավորման գոտեմարտեր։
-
15:30 — 65 և 97 կգ քաշային կարգերի կիսաեզրափակիչներ։
Հոկտեմբերի 30, ուրբաթ
-
09:30 — 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի որակավորման գոտեմարտեր, 65 և 97 կգ քաշային կարգերի սփոփիչ գոտեմարտեր։
-
15:30 — 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի կիսաեզրափակիչներ։
-
17:00 — 65 և 97 կգ քաշային կարգերի եզրափակիչներ։
Հոկտեմբերի 31, շաբաթ
-
09:30 — 57, 74, 79 և 92 կգ քաշային կարգերի որակավորման գոտեմարտեր, 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի սփոփիչ գոտեմարտեր։
-
15:30 — 57, 74, 79 և 92 կգ քաշային կարգերի կիսաեզրափակիչներ։
-
17:00 — 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի եզրափակիչներ։
Նոյեմբերի 1, կիրակի
-
15:30 — 57, 74, 79 և 92 կգ քաշային կարգերի սփոփիչ գոտեմարտեր։
-
17:00 — 57, 74, 79 և 92 կգ քաշային կարգերի եզրափակիչներ։
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարով կավարտվի Աստանայում անցկացվող աշխարհի առաջնության ծրագիրը։ Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել էր երկու մեդալ․ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ)՝ բրոնզե մեդալակիր։