Սանդրո Պերկովիչը հրաժեշտ է տվել «Նոային». «Մենք պատմություն էինք կերտում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հրաժեշտի ուղերձ է հղել հայկական ակումբում աշխատանքն ավարտելուց հետո։
Խորվաթ մասնագետն իր ուղերձը սկսել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի իր սիրելի մեջբերումներից մեկով․
«Հեռացիր խաղից՝ այն ավելի լավը թողնելով, քան գտել էիր»։
Պերկովիչը նշել է, որ «Նոայում» աշխատելու ողջ ընթացքում իր և մարզչական շտաբի գլխավոր նպատակը թիմին ամեն օր և յուրաքանչյուր խաղում ավելի լավը դարձնելն էր։
Մարզիչը հատուկ շնորհակալություն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին՝ ընդգծելով նրանց վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, նվիրումն ու մարզումների ընթացքում ստեղծված մթնոլորտը։ Պերկովիչը նաև շնորհակալություն է հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին՝ բժշկական և մեդիա բաժիններից մինչև խաղադաշտի, հանդերձարանի և թիմի առօրյա աշխատանքի համար պատասխանատու անձնակազմը։
Մասնագետն առանձին հիշատակել է Աննա Օհանյանին և Գուրգեն Օհանյանին, Keepers-ի և FAF-ի երկրպագուներին, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնել «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանին։
«Մենք դժվար պահեր ենք ունեցել։ Մենք անհավանական պահեր ենք ունեցել։ Մենք պատմություն էինք կերտում։ Մենք երկու գավաթ նվաճեցինք։ Եվ ամենակարևորը՝ մենք ստեղծեցինք մի բան, որը պահանջեց անհավանական աշխատանք, նվիրվածություն և հավատ։ Եվ մենք գիտենք, թե ինչ աշխատանք ենք կատարել», — գրել է Պերկովիչը։
Վերջում նախկին գլխավոր մարզիչն ընդգծել է, որ հավերժ երախտապարտ կմնա այն մարդկանց, որոնց հետ հնարավորություն է ունեցել աշխատելու ակումբում։
«Դա հաճույք էր և, ամենակարևորը, մեծ պատիվ։ Առա՛ջ, «Նոա», առա՛ջ», — եզրափակել է Պերկովիչը։
Հիշեցնենք, որ «Նոայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ուրուգվայցի մասնագետ Պաբլո Գարսիան։