Սանդրո Պերկովիչը հեռացել է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնից Կոնֆերենցիաների լիգայից դուրս մնալուց հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը հեռացել է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայկական ակումբը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից։ Երրորդ որակավորման փուլում «Նոան» զիջեց շվեյցարական «Սիոնին»․ առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ պատասխան խաղում Պերկովիչի թիմը պարտվեց 1:2 հաշվով։
Խորվաթ մասնագետի հեռանալու մասին հայտնում են նաև նրա հայրենիքի լրատվամիջոցները։ Ընդ որում, լրագրողները «Նոայի» ղեկավարության որոշումն անսպասելի են համարում՝ ուշադրություն հրավիրելով Պերկովիչի գլխավորությամբ թիմի գրանցած արդյունքների վրա։
Խորվաթիայում նշում են, որ «Սիոնից» կրած պարտությունը մարզչի համար ընդամենը մեկ պարտություն էր վերջին 26 հանդիպումներում։ Բացի այդ, Հայաստանի առաջնության նոր մրցաշրջանը «Նոան» սկսել էր երեք անընդմեջ հաղթանակով։
Խորվաթական լրատվամիջոցները հատուկ ուշադրություն են դարձնում նաև թիմի նախորդ եվրագավաթային մրցաշրջանին՝ Պերկովիչի աշխատանքը պատմական անվանելով ակումբի համար։ Այս ֆոնին «Սիոնից» կրած պարտությունից և մրցաշարից դուրս մնալուց հետո նրա հրաժարականը գնահատվում է որպես չափազանց կտրուկ որոշում։
«Պերկովիչը, ինչ-որ առումով, դարձավ սեփական արդյունքների զոհը․ նա ղեկավարությանը և երկրպագուներին սովորեցրել էր հաղթանակների», — այսպես են իրավիճակը նկարագրում Խորվաթիայում։
Հատկանշական է, որ «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում իր վերջին հանդիպումը մասնագետն ավարտեց հաղթանակով․ երևանյան թիմը 1:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։ Այսպիսով, Հայաստանի առաջնությունում Պերկովիչի գլխավորությամբ «Նոան» մեկնարկեց առավելագույն արդյունքով՝ երեք հաղթանակ երեք տուրում։