SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Սաբահը», ԼԱՍԿ-ը և «Բուդյո/Գլիմտը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ


«Սաբահը», ԼԱՍԿ-ը և «Բուդյո/Գլիմտը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ
Ֆուտբոլ

Երեքշաբթի՝ օգոստոսի 25-ին, կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի երեք պատասխան հանդիպումները։ Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի լիգայի փուլի ուղեգրեր նվաճեցին ադրբեջանական «Սաբահը», ավստրիական ԼԱՍԿ-ը և նորվեգական «Բուդյո/Գլիմտը»։

Երեկոյի ամենաանհավանական հանգուցալուծումը գրանցվեց Ավստրիայում։ Առաջին խաղում «Սելտիկից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո ԼԱՍԿ-ի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները նվազագույն էին թվում։ Ավելին՝ պատասխան հանդիպման 21-րդ րոպեին տանտերերի վիճակն էլ ավելի բարդացավ, երբ Քալում Մաքգրեգորը առաջ մղեց շոտլանդական թիմին։

Սակայն դրանից հետո ավստրիացիները ֆանտաստիկ քամբեք իրականացրին։ Մոզես Ուսորը 32-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդմիջումից հետո Ռոբերտ Լյուբիչիչն ու Սամուել Ադենիրանը հաշիվը դարձրին 3:1։ 90-րդ րոպեին Ֆլորիան Ֆլեքերը խփեց ԼԱՍԿ-ի չորրորդ գոլը և դիմակայությունը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակի հերոսը դարձավ Ադենիրանը, որը 109-րդ րոպեին ձևակերպեց դուբլ։ ԼԱՍԿ-ը հաղթեց 5:1 հաշվով և երկու հանդիպումների արդյունքում առավելության հասավ 5:4 ընդհանուր հաշվով՝ չնայած դիմակայության ընթացքում մի պահ «Սելտիկին» զիջում էր արդեն չորս գնդակի տարբերությամբ։

Ոչ պակաս դրամատիկ ստացվեց Ադրբեջանում կայացած հանդիպումը։ «Սաբահը», որն առաջին խաղում 1:2 հաշվով պարտվել էր «Հապոել Բեեր Շևային», պատասխան հանդիպման արդեն 10-րդ րոպեին գոլ բաց թողեց։ Սակայն Քրիստիան Նվաչուկվուն 38-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։

Ընդմիջումից հետո իսրայելական թիմը Գայ Միզրահիի գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ, սակայն Ումարալի Ռահմոնալիևը հավասարեցրեց հաշիվը։ Հիմնական ժամանակի վճռորոշ դրվագը տեղի ունեցավ ավելացված չորրորդ րոպեին, երբ Թելլուր Մութալլիմովը խփեց «Սաբահի» երրորդ գոլը և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում տանտերերը վերջնականապես իրենց օգտին շրջեցին դիմակայության ընթացքը։ Օրֆե Մբինան աչքի ընկավ 101-րդ րոպեին, իսկ Ջոյ-Լենս Միկելսը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 5:2։ «Սաբահը» երկու հանդիպումների արդյունքում հաղթեց 6:4 ընդհանուր հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։

Հայ երկրպագուների համար առանձին հետաքրքրություն է ներկայացնում Քրիստիան Նվաչուկվուի գոլը։ Նիգերիացի ֆուտբոլիստը «Վիստայի» սան է, որտեղ հանդես է եկել Էդգար Փիլոյանի հետ։ Ավելի ուշ երկու ֆուտբոլիստների ճանապարհները հատվել են նաև բուլղարական «Բոտևում»։

Պատմական հաջողությունից հետո «Սաբահի» գլխավոր մարզիչ Վալդաս Դամբրաուսկասը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին և իր ֆուտբոլիստներին՝ այս երեկոն անվանելով առանձնահատուկ. «Այսօր ես աշխարհի ամենաերջանիկ գլխավոր մարզիչն եմ»։

Օրվա երրորդ խաղում «Բուդյո/Գլիմտը» ոչ մի հնարավորություն չթողեց ՆԵԿ-ին՝ 3:0։ Նիդերլանդական թիմի վիճակը բարդացավ հանդիպման հենց սկզբում, երբ դարպասապահ Գոնսալո Կրետասը կարմիր քարտ ստացավ։

Նորվեգացիները առաջին խաղակեսի վերջնամասում օգտվեցին քանակական առավելությունից։ Ֆրեդրիկ Անդրե Բյորկանը հաշիվը բացեց ավելացված երկրորդ րոպեին, իսկ մի քանի րոպե անց Սոնդրե Աուկլենդը խփեց երկրորդ գոլը։ Ընդմիջումից հետո վերջնական արդյունքը գրանցվեց Դևերոն Ֆոնվիլի ինքնագոլի շնորհիվ։ «Բուդյո/Գլիմտը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հանդես կգա Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում։

Այսպիսով, երեքշաբթի կայացած հանդիպումների արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգրեր նվաճեցին «Սաբահը», ԼԱՍԿ-ը և «Բուդյո/Գլիմտը»։ «Հապոել Բեեր Շևան», «Սելտիկը» և ՆԵԿ-ը եվրագավաթային մրցաշրջանը կշարունակեն արդեն Եվրոպայի լիգայի լիգայի փուլում։

Այնտեղ նրանք հնարավոր է հանդիպեն նաև «Արարատ-Արմենիային»։ Դրա համար երևանյան թիմը պետք է հաջողությամբ ավարտի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում ռումինական «Ունիվերսիտատյայի» դեմ դիմակայությունը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։