«Բենֆիկայի» ակադեմիայի ղեկավարներն այցելել են Լիսաբոն․ Հայաստանում ակադեմիան կբացվի 2027 թվականին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պորտուգալական «Բենֆիկան» շարունակում է Հայաստանում սեփական ֆուտբոլային ակադեմիայի բացման նախապատրաստական աշխատանքները։ Benfica Academy Armenia նախագծի ղեկավարներն այցելել են Լիսաբոն, որտեղ ծանոթացել են երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման մեթոդներին, կազմակերպչական կառուցվածքին և պորտուգալական առաջատար ակումբներից մեկի աշխատանքի սկզբունքներին։
Ինչպես հայտնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը և տնօրեն Արթուր Ազարյանը մի քանի օր անցկացրել են Պորտուգալիայում՝ մասնակցելով աշխատանքային ծրագրի, որի նպատակն էր ուսումնասիրել ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման համակարգը։
Հայաստանյան նախագծի ներկայացուցիչները հանդիպել են «Բենֆիկայի» տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Աշխատանքային հանդիպումներն անցկացվել են «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում և adidas Benfica Campus մարզաբազայում, որտեղ պատրաստվում են պորտուգալական ակումբի երիտասարդ ֆուտբոլիստները։
Հատուկ ուշադրություն է դարձվել մարզումների մեթոդաբանությանը, կազմակերպչական գործընթացներին և այն արժեքներին, որոնց վրա հիմնված է «Բենֆիկայի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման համակարգը։
Բացի այդ, ակումբի նախագահ Ռուի Կոշտայի հրավերով Սադոյանն ու Ազարյանը ներկա են գտնվել Եվրոպայի լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, որում «Բենֆիկան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթել է շոտլանդական «Սելթիկին»։
Հայաստանում «Բենֆիկայի» ակադեմիան կընդունի ավելի քան 1000 երեխայի
Benfica Academy Armenia-ի բացումը նախատեսված է 2027 թվականի ամռանը։ Նախագիծն իրականացվում է պորտուգալական ակումբի և Football Investment Group-ի համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ ակադեմիան կառուցվելու է Երևանում՝ «Ավան» ֆուտբոլի ակադեմիայի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի տարածքում։
Նախատեսվում է, որ նոր ֆուտբոլային կենտրոնի ենթակառուցվածքը ներառելու է վեց ֆուտբոլային խաղադաշտ, մարզադաշտ և ժամանակակից այլ հարմարություններ՝ երիտասարդ խաղացողների մարզումների ու զարգացման համար։
Ակադեմիան հնարավորություն կունենա ընդունելու 4-ից 17 տարեկան ավելի քան 1000 երեխայի և պատանու։
Պատրաստության ծրագիրը ներառելու է տարբեր մակարդակներ՝ սիրողական ֆուտբոլից և նախնական ուսուցումից մինչև մրցակցային թիմեր ու առավել հեռանկարային ֆուտբոլիստների պատրաստություն։
Հայաստանյան ակադեմիայի աշխատանքի հիմքում լինելու է «Բենֆիկայի» մեթոդաբանությունը, որը նախատեսում է ֆուտբոլիստների փուլային զարգացում՝ հաշվի առնելով նրանց տարիքը, անհատական ունակություններն ու ներուժը։
«Մենք ցանկանում ենք Հայաստան բերել ոչ միայն մեթոդաբանությունը, այլև «Բենֆիկայի» ոգին»
Պորտուգալական ակումբի միջազգային բիզնեսի ղեկավար Լոուրենսու Մենեզեշն ընդգծել է, որ հայ գործընկերների ծանոթությունը «Բենֆիկայի» ներքին համակարգին նախագծի իրականացման կարևոր փուլերից մեկն է։
Նրա խոսքով՝ նպատակը պարզապես հայտնի ապրանքանիշի ներքո ֆուտբոլային դպրոց բացելը չէ, այլ այնպիսի ակադեմիա ստեղծելը, որն ամբողջությամբ կհամապատասխանի պորտուգալական ակումբի փիլիսոփայությանը։
Հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը նույնպես վստահություն է հայտնել նախագծի հաջող իրականացման հարցում։ Նա բարձր է գնահատել «Բենֆիկայի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման համակարգը՝ նշելով, որ նմանատիպ սկզբունքներ կկիրառվեն նաև Հայաստանում։
Ներկայումս նախագիծը թևակոխում է կազմակերպչական նախապատրաստության հաջորդ փուլը։ Մինչև բացումը անհրաժեշտ է ավարտել ենթակառուցվածքների, մարզումային ծրագրերի և սաների ու մարզչական անձնակազմի ընդունելության համար անհրաժեշտ պայմանների ապահովման աշխատանքները։
Ապագայում Benfica Academy Armenia-ն պետք է դառնա ոչ միայն երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման կենտրոն, այլև մարզիչների զարգացման հարթակ՝ նպաստելով ֆուտբոլի առաջընթացին ինչպես Հայաստանում, այնպես էլ Կովկասի տարածաշրջանում։