«Օլիմպիակոսը» հաղթեց «Վոլոսին», Թիկնիզյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունական «Օլիմպիակոսը» երկրորդ հաղթանակը տարավ երկրի Գավաթի 2026/27 մրցաշրջանի խաղարկությունում։ Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում Պիրեյը ներկայացնող թիմը սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Վոլոսին»։
Հանդիպման գլխավոր հերոսներից մեկը դարձավ «Օլիմպիակոսի» մեքսիկացի նորեկ Գոնսալեսը, որը դուբլի հեղինակ դարձավ։ Տանտերերի ևս մեկ գոլ խփեց թիմի մեկ այլ նորեկ՝ Պուերտան, որին գոլային փոխանցում կատարեց Գոնսալեսը։
Խաղի ընթացքում «Օլիմպիակոսը» կարողացավ զգալի առավելություն ստանալ, սակայն հանդիպման վերջնամասում «Վոլոսը» երկու անգամ գրավեց տանտերերի դարպասը և հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի։ Այնուամենայնիվ, Պիրեյի թիմը կարողացավ մինչև եզրափակիչ սուլիչը պահպանել հաղթական հաշիվը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որն այս ամռանը տեղափոխվել է հունական ակումբ, ընդգրկված էր «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հունաստանի գավաթի 2026/27 մրցաշրջանի խաղարկությունն անցկացվում է նորացված ձևաչափով։ Լիգայի փուլին մասնակցում է 16 թիմ, որոնք նախապես բաժանվել են զամբյուղների։ Յուրաքանչյուր ակումբ անցկացնում է չորս հանդիպում՝ մեկական խաղ յուրաքանչյուր զամբյուղից ընտրված մրցակցի դեմ։
Ընդհանուր մրցաշարային աղյուսակի առաջին չորս հորիզոնականները զբաղեցրած թիմերն անմիջապես դուրս են գալիս քառորդ եզրափակիչ։ 5-12-րդ տեղերը զբաղեցրած ակումբները կմասնակցեն փլեյ-օֆֆի լրացուցիչ փուլին, որտեղ կորոշվեն քառորդ եզրափակչի ևս չորս մասնակիցները։
«Վոլոսի» նկատմամբ հաղթանակից հետո «Օլիմպիակոսը» վաստակեց վեց միավոր և գլխավորում է Հունաստանի գավաթի լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը։