Պաշտոնական․ Նարեկ Հովհաննիսյանը դարձել է լեհական «Լեխիայի» ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Լեհաստանում։ 20-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես Երևանի ԲԿՄԱ-ից տեղափոխվել է Գդանսկի «Լեխիա»։
Հովհաննիսյանը նոր ակումբի հետ երկարաժամկետ՝ հինգ տարվա պայմանագիր է կնքել։ Հայ վինգերի տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 300 հազար եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Հովհաննիսյանը ԲԿՄԱ-ի կազմում հասցրել է մասնակցել վեց հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նարեկը հիմնականում հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում։ «Լեխիայի» մեկնարկային կազմում տեղի համար նրա հիմնական մրցակիցներից մեկը կլինի 21-ամյա ալբանացի ֆուտբոլիստ Կևին Դոդայը։
Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն էլ գնահատվում է 400 հազար եվրո։ Դոդայը ընթացիկ մրցաշրջանի չորս խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Լեխիան» լքել է Լեհաստանի Էքստրակլասան և տեղափոխվել Առաջին լիգա՝ երկրի ուժով երկրորդ դիվիզիոն։ Նոր մրցաշրջանում Գդանսկի ակումբը պայքարելու է լեհական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն վերադառնալու համար։
«Լեխիա» տեղափոխությունը 20-ամյա Հովհաննիսյանի կարիերայում նոր փուլ կլինի և Հայաստանի սահմաններից դուրս հանդես գալու առաջին փորձը։