SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնական․ Էդգար Սևիկյանը տեղափոխվել է իսպանական «Սեուտա»


Պաշտոնական․ Էդգար Սևիկյանը տեղափոխվել է իսպանական «Սեուտա»
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի Իսպանիայում։ Հունգարական «Ֆերենցվարոշի» 25-ամյա ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Սեուտա», որը հանդես է գալիս Լա Լիգա 2-ում՝ Իսպանիայի առաջնության ուժեղությամբ երկրորդ դիվիզիոնում։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել են երկու ակումբներն էլ։

«Սեուտայում» ընդգծել են հայ ֆուտբոլիստի հարձակողական որակները՝ նշելով, որ նա կարող է հանդես գալ ինչպես աջ վինգերի, այնպես էլ հարձակողական կիսապաշտպանի դիրքում։

«Սևիկյանն առանձնանում է հիանալի հարվածով, հատկապես միջին և հեռու տարածություններից, ինչպես նաև դաշտը լավ տեսնելու, գոլային փոխանցումներ կատարելու և գծերի միջև ճշգրիտ փոխանցումներ հասցեագրելու ունակությամբ», — ասվում է իսպանական ակումբի հաղորդագրությունում։

Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է ընդամենը երկու հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 61 րոպե։

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշի» կազմում անցկացրել է 21 պաշտոնական հանդիպում, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Հունգարական ակումբի հետ նա նաև դարձել է երկրի չեմպիոն։

Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թվականի ձմռանը և թիմի կազմում նորամուտը նշել փետրվարի 3-ին՝ առաջնության «Կիշվարդայի» դեմ հաղթական խաղում (3:1)։ Հետագայում հայ ֆուտբոլիստը երկու անգամ վարձակալությամբ հանդես է եկել ռուսական ակումբներում՝ նախ Մոսկվայի «Լոկոմոտիվում», ապա Տոլյատիի «Ակրոնում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սևիկյանը մոտ է լիարժեք տրանսֆերով տեղափոխվելուն իսրայելական «Հապոել Պետահ Տիկվա»՝ մոտ մեկ միլիոն եվրոյի դիմաց, սակայն գործարքն ի վերջո չկայացավ։

Edgar Sevikyan Ceuta

Սևիկյանը վերադառնում է Իսպանիա

Իսպանիան Էդգարի համար լավ ծանոթ երկիր է։ Նախկինում նա չորս տարի անցկացրել է «Լևանտեի» համակարգում, իսկ ավելի ուշ հանդես է եկել Վալենսիայի ակումբի երկրորդ թիմում։

Այժմ Սևիկյանը վերադառնում է իսպանական ֆուտբոլ՝ արդեն «Սեուտայի» կազմում։

Հետաքրքիր է, որ նա չի լինի առաջին հայ ֆուտբոլիստը, որը կապված է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական անկլավի ակումբի հետ։ Ավելի վաղ «Սեուտայի» ակադեմիայում մարզվել է Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստ Գրիգոր Ալեքսանյանը, որն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի սիրողական թիմերից մեկում։

Այսպիսով, Սևիկյանը կդառնա ակումբի պատմության երկրորդ հայ ֆուտբոլիստը։

Նշենք նաև, որ իսպանական Սեգունդայում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը ներկայացնում է «Տեներիֆեն»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։