SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մելիքյանը Մոնտենեգրոյի հետ ոչ-ոքիից հետո․ «Ես անչափ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով․ այս թիմն ապագա ունի»


Մելիքյանը Մոնտենեգրոյի հետ ոչ-ոքիից հետո․ «Ես անչափ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով․ այս թիմն ապագա ունի»
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Մոնտենեգրոյի հետ ոչ-ոքին Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում։ Պոդգորիցայում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն առաջին հերթին ընդգծել է ֆուտբոլիստների բնավորությունը, որոնք հանդիպմանը մոտեցել էին բազմաթիվ վնասվածքների և առողջական խնդիրների պայմաններում։

— Ես անչափ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով։ Իրանց ցավը տանեմ։ Միայն ես գիտեմ, թե թիմն ինչ վիճակում մոտեցավ այս չորրորդ խաղին՝ հսկայական թվով վնասվածքներով։ Մենք այս խաղով շատ բան ապացուցեցինք։

Մելիքյանն առանձին խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնք պատրաստ էին խաղադաշտ դուրս գալ նույնիսկ վնասվածքներով։

— Ֆուտբոլիստներ կային, որոնք ցավերով մոտենում էին ինձ ու խնդրում, որ իրենց խաղադաշտ դուրս բերեմ։ Առաջինը մեր ավագն էր։ Սպերցյանն արդեն չորրորդ խաղն է անցկացնում ցավերով։ Հենց այսպիսին պետք է լինի իսկական առաջնորդն ու ավագը։

— Չեմ ուզում յուրաքանչյուրին առանձին առանձնացնել, բայց նրանք մեծ ապրեն։ Կարգապահություն, նվիրվածություն, բնավորություն՝ այն ամենը, ինչ ցանկանում էի տեսնել, այսօր տեսա։

Մելիքյանը բացատրել է Բեգլարյանի և Կարլեն Հովհաննիսյանի նկատմամբ վստահությունը

Գլխավոր մարզիչը նաև վերադարձել է Կիպրոսի դեմ նախորդ հանդիպմանը, որում Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել։

— Այո, Կիպրոսի դեմ չկարողացանք հաղթել։ Կոպիտ սխալներ եղան Արսեն Բեգլարյանի և Կարլեն Հովհաննիսյանի կողմից։ Բայց ես ցանկանում էի բոլորին ապացուցել, որ Հայաստանի հավաքականում սխալների համար չեն պատժում։ Մենք մեկ թիմ ենք։ Մենք պետք է օգնենք սխալվող ֆուտբոլիստներին, ոգևորենք նրանց և շարունակենք հավատալ նրանց։

Հենց այդ պատճառով էլ երկու ֆուտբոլիստներն էլ կրկին խաղադաշտ դուրս եկան Մոնտենեգրոյի դեմ հանդիպմանը։

— Ես գիտեի, որ ինձ սպասելու են, եթե Արսեն Բեգլարյանը նորից սխալվի։ Բայց ես հավատում եմ իմ ֆուտբոլիստներին և պատրաստ եմ ցանկացած ռիսկի գնալ՝ դա ապացուցելու համար։

Մելիքյանը նաև շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, որոնք երկար ճանապարհ էին անցել՝ Պոդգորիցայում ազգային հավաքականին աջակցելու համար։

— Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք մեծ ճանապարհ հաղթահարեցին և մեր կողքին էին։ Այս թիմն ապագա ունի։ Սա երիտասարդ հավաքական է, պետք է շարունակել հավատալ այս ֆուտբոլիստներին և միասին առաջ շարժվել։

Հայաստանը միջազգային պատուհանն անցկացրեց բազմաթիվ կորուստներով

Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով Մոնտենեգրոյի դեմ խաղում չընդգրկվեց Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում, սակայն ավագը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում։

Ընդմիջումից հետո խաղադաշտ մտավ նաև Արթուր Գարիբյանը, որը նույնպես վերականգնվում էր վնասվածքից։ Նա վնասվածք էր ստացել Կիպրոսի դեմ հանդիպումից առաջ՝ նախավարժանքի ժամանակ։

Ավելի վաղ վնասվածքի պատճառով ազգային հավաքականի ճամբարը լքել էր Արտեմ Բանդիկյանը, իսկ Էդգար Սևիկյանը որակազրկման պատճառով չէր կարող մասնակցել Մոնտենեգրոյի դեմ խաղին։

Այս միջազգային պատուհանի չորս հանդիպումների ընթացքում Հայաստանի հավաքականը տարբեր պատճառներով, առաջին հերթին վնասվածքների պատճառով, չէր կարող հույս դնել միանգամից 14 ֆուտբոլիստի վրա։

Չորս տուրից հետո Եղիշե Մելիքյանի թիմը վաստակել է 4 միավոր և C2 խմբում զբաղեցնում է երրորդ տեղը։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումները կանցկացնի նոյեմբերին։ Նոյեմբերի 12-ին Հայաստանի թիմը Երևանում կընդունի Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում արտագնա խաղ կանցկացնի Լատվիայի դեմ։

Նոյեմբերյան հանդիպումներին մարզչական շտաբը հույս կունենա վնասվածք ստացած մի շարք ֆուտբոլիստների վերադարձի վրա, ինչը հավաքականին հնարավորություն կտա խմբային փուլի վճռորոշ խաղերին մոտենալ ավելի մարտունակ կազմով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։