SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 առաջնության փոխչեմպիոն, Աննա Ամրոյանը բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում


Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 առաջնության փոխչեմպիոն, Աննա Ամրոյանը բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Ծանրամարտ

Հայ ծանրորդները շարունակում են համալրել Հայաստանի հավաքականի մեդալների հավաքածուն Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների 2026 թվականի առաջնությունում։ Հերթական մեդալները նվաճել են Մարտին Պողոսյանը (85 կգ) և Աննա Ամրոյանը (77 կգ)։ Սակայն Ամրոյանը վնասվածքի պատճառով ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մրցելույթը։

Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության 85 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ՝ երկամարտի արդյունքում գրանցելով 343 կգ։

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ բարձրացրել է 149 և 153 կգ, սակայն երրորդ մոտեցմամբ չի կարողացել հաղթահարել 156 կգ ծանրությունը։ Արդյունքում Պողոսյանն այս վարժությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Հրում վարժությունում նրա ելույթն ավելի հաջող է ստացվել։ Պողոսյանը հաջորդաբար բարձրացրել է 186 և 190 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Երկամարտի 343 կգ արդյունքը նրան թույլ է տվել զբաղեցնել երկրորդ տեղը և դառնալ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն։

Աննա Ամրոյանը 77 կգ քաշային կարգի պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ, սակայն չի կարողացել ավարտին հասցնել մրցելույթը։

Առաջին անհաջող մոտեցումից հետո հայ ծանրորդուհին բարձրացրել է 98 կգ, ապա արդյունքը բարելավել՝ հասցնելով 102 կգ-ի։ Այդ ցուցանիշը բավարար է եղել վարժությունում երրորդ տեղը զբաղեցնելու համար։

Ցավոք, հրում վարժության հենց առաջին մոտեցման ժամանակ Ամրոյանը վնասվածք է ստացել և ստիպված է եղել հրաժարվել հետագա պայքարից։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեղեկություններով՝ վնասվածքը լուրջ չէ։

Նույն՝ 77 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Սուքիասյանը, կանգ է առել մրցանակային եռյակից մեկ քայլ հեռու՝ երկամարտի արդյունքում զբաղեցնելով չորրորդ տեղը։

Պոկում վարժությունում Սուքիասյանը բարձրացրել է 98 և 101 կգ՝ գրանցելով չորրորդ արդյունքը։ Հրում վարժությունում նրան հաջողվել է բարձրացնել 120 կգ, սակայն 125 կգ ծանրությունը հաղթահարելու փորձերը ձախողվել են։ Այս վարժությունում հայ մարզուհին զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Երկամարտի 221 կգ (101+120) արդյունքով Սուքիասյանն ավարտել է մրցելույթը չորրորդ հորիզոնականում։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում՝ մեդալներ նվաճելով ինչպես առանձին վարժություններում, այնպես էլ երկամարտում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։