Մանուել Տուլիպան՝ «Ռիգայի» դեմ խաղից առաջ. «Արարատ-Արմենիան» ներկայացնում է ամբողջ երկիրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և թիմի հարձակվող Ժիրայր Շաղոյանը մասնակցել են մամուլի ասուլիսի՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի լատվիական «Ռիգայի» դեմ առաջին խաղից առաջ։
Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին՝ Աբովյանում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։ Խաղից մեկ օր առաջ Տուլիպան խոսել է թիմի նախապատրաստության, նորեկների, մրցակցի ուժեղ կողմերի և դարպասապահական դիրքում մրցակցության մասին, իսկ Շաղոյանը գնահատել է «Արարատ-Արմենիայի» պատրաստվածությունը եվրագավաթային մեկնարկին։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպա
— Ինչպե՞ս է անցնում նախապատրաստությունը խաղին։ Ի՞նչ կասեք մրցակցի և ձեր ֆուտբոլիստների վիճակի մասին։
— Ինձ համար շատ կարևոր էր, որ թիմում մնացին հիմնական ֆուտբոլիստները, որոնք մեզ հասցրին չեմպիոնության։ Թիմ են եկել նաև նորեկներ, որոնց ես լավ գիտեմ Պորտուգալիայում նրանց ելույթներից։ Վստահ եմ, որ նրանք մեծ օգուտ կտան թիմին։
«Ռիգան» շատ հետաքրքիր թիմ է։ Ես ուսումնասիրել եմ մրցակցին. վերջին երեք տարիների ընթացքում նրանք զարգացման մեծ քայլ են կատարել, թիմում լուրջ ներդրումներ են արվել։ Նրանք լավ տրանսֆերներ են իրականացրել, շատ գրագետ կերպով համատեղել են տեղացի ֆուտբոլիստներին և լեգեոներներին։ Ես գիտեմ մի քանի բրազիլացի ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս «Ռիգայում»։
Կարող եմ նաև ասել, որ «Ռիգան» և «Արարատ-Արմենիան» խաղաոճով շատ առումներով նման են իրար։
— Հաջողվե՞ց նախապատրաստության ընթացքում անել այն ամենը, ինչ պլանավորել էիք այս խաղերի համար։
— Կասեմ, որ մենք շատ քիչ ժամանակ ունեինք նորեկներին թիմին ինտեգրելու համար։ Դա միակ խնդիրն է, քանի որ այսքան կարճ ժամանակում դժվար է նոր ֆուտբոլիստներին ծանոթացնել թիմի խաղաոճին։ Նրանց նաև ավելի շատ ժամանակ է պետք նոր երկրին հարմարվելու համար։
— Ի՞նչն է ձեզ համար կարևոր ստանալ Չեմպիոնների լիգայի առաջին խաղում։
— Մեր նպատակը միշտ լավագույն արդյունքի հասնելն է։ Ինձ համար նաև կարևոր է, որ թիմը միշտ ցուցադրի իր լավագույն ֆուտբոլը։
Ես մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ թիմը ներկայացնելու է ոչ միայն մեր ակումբը, այլև ամբողջ երկիրը։ Մենք ցանկանում ենք հաշվի առնել նախորդ տարիների սխալները, հնարավորինս հեռու գնալ եվրագավաթներում և որքան հնարավոր է շատ վարկանիշային միավորներ վաստակել։
— Ինչպե՞ս եք պատրաստվում զսպել «Ռիգային»։ Գիտե՞ք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը։
— Մեզ համար ամենակարևորը մեր ֆուտբոլը ցույց տալն ու մեր պայմանները թելադրելն է։ «Ռիգան» այժմ մրցաշրջանի միջնամասում է, այդ պատճառով նրանց բոլոր ֆուտբոլիստները լավ ֆիզիկական վիճակում են։ Դա մեզ համար այնքան էլ լավ չէ, բայց մենք ուսումնասիրել ենք նրանց խաղը և գիտենք, թե ինչպես պետք է դրան դիմակայել։
«Ռիգան» լավ է տիրում գնդակին։ Եթե նրանք առավելություն են ստանում կիսադաշտի կենտրոնում, նրանց հարձակվողները լավ են օգտվում դրանից և վտանգավոր են դառնում։ Նրանք որակյալ և տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունեն, այդ պատճառով մեր գլխավոր խնդիրը նրանց գնդակից զրկելն է։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք վերահսկել խաղը։
— Եվրագավաթներում ո՞ր նվազագույն արդյունքն եք ընդունելի համարում թիմի համար։
— Ինձ համար Չեմպիոնների լիգայում հանդես գալը հսկայական պատասխանատվություն է։ Սա լուրջ մրցաշար է և լավ փորձ մեզ համար։
Անձամբ ես իմ առաջ նվազագույն խնդիրներ չեմ դնում։ Ինձ համար կարևոր է յուրաքանչյուր խաղը։ Մենք առաջ ենք շարժվում խաղից խաղ, իսկ գլխավոր նպատակը խաղից խաղ խաղի որակը բարելավելն է։
— Ի՞նչ կասեք թիմի դարպասապահական գծի մասին։
— Սա թիմի համար շատ կարևոր գիծ է, և մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դարպասապահների խաղի բարելավմանը։ Անցած մրցաշրջանում Բրունու Պինտուն և Արման Ներսեսյանը լավ խաղ էին ցուցադրում, բայց մենք որոշեցինք բաժանվել Պինտուից։
Մեզ է միացել նոր դարպասապահ Ժոաո Բրավիմը, և մենք նրա հետ մեծ հույսեր ենք կապում։ Բայց նշեմ, որ այս մրցաշրջանում դարպասապահական դիրքում մրցակցություն կլինի Ներսեսյանի և Բրավիմի միջև։ Նրանք պետք է ապացուցեն մեկնարկային կազմում խաղալու իրենց իրավունքը։
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյան
— Ակումբում կան նոր ֆուտբոլիստներ։ Ի՞նչ կասեք նրանց մասին։ Հասցրե՞լ եք բոլորի հետ ծանոթանալ։
— Այո, թիմում կան նորեկներ։ Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են և խաղով համապատասխանում են մեզ։ Կարծում եմ՝ նրանք շատ օգուտ կտան թիմին։ Նրանք կարող են արագ յուրացնել թիմի փիլիսոփայությունը և հարմարվել մեր խաղին։
— Այս պահին որքանո՞վ է թիմը պատրաստ մրցաշրջանին։
— Մենք լավ ուսումնամարզական հավաք անցկացրինք Հունգարիայում։ Եղան ընկերական հանդիպումներ, Սերբիայի ներկայացուցչի դեմ շատ լավ խաղացինք։ Այնպես որ մենք պատրաստ ենք Չեմպիոնների լիգային։
— Որքանո՞վ եք լավ ուսումնասիրել մրցակցին։
— Իհարկե, մենք ուսումնասիրել ենք մրցակցին։ Նրանք շատ լավ են խաղում գնդակով։ Բայց, ինչպես բոլոր թիմերը, նրանք էլ ունեն ուժեղ և թույլ կողմեր։ Մենք պետք է օգտագործենք այդ թույլ կողմերը և հաղթենք։
— Ինչպե՞ս եք գնահատում ձեր մարզավիճակն այս պահին։
— Շատ լավ եմ գնահատում։ Մենք շատ կարճ արձակուրդ ունեցանք, այդ պատճառով, ի տարբերություն ձմեռային դադարի, ես չեմ կորցրել տոնուսն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Եղան նաև հավաքականի խաղեր։ Այնպես որ ֆիզիկապես լավ պատրաստ եմ։