Կառլեն Հովհաննիսյանը նորամուտը նշեց «Ակրոնի» կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանն առաջին հանդիպումն անցկացրեց «Ակրոնի» կազմում։
Տոլյատիի ակումբի նորեկը խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի գավաթի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ հանդիպման 69-րդ րոպեին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցների շարքում «Ակրոնը» հաղթեց 5:4 հաշվով։
Հովհաննիսյանը մասնակցեց նաև հետխաղյա 11-մետրանոցների շարքին՝ անվրեպ իրացնելով իր թիմի չորրորդ հարվածը։
Հայ կիսապաշտպանի՝ «Ակրոն» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել էր սեպտեմբերի 1-ի առավոտյան, և արդեն նույն օրը ֆուտբոլիստը նորամուտը նշեց նոր թիմի կազմում։ Հովհաննիսյանը ռուսական ակումբ է տեղափոխվել Երևանի «Փյունիկից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 700 հազար եվրո։
Հաջորդ հանդիպումը «Ակրոնը» կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ Ռուսաստանի առաջնության շրջանակում։ Տոլյատիի թիմի մրցակիցը կլինի «Օրենբուրգը»։