Կանադան ջախջախեց Կատարին և տարավ իր պատմության առաջին հաղթանակը աշխարհի առաջնություններում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կանադայի հավաքականը պատմական հաղթանակ տարավ աշխարհի առաջնությունում՝ խմբային փուլի երկրորդ տուրում 6:0 հաշվով ջախջախելով Կատարին։
Կանադայի համար սա առաջին հաղթանակն էր աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ Հանդիպման գլխավոր հերոսը Ջոնաթան Դեյվիդն էր, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Նա դարձավ Ջեֆ Հերսթից հետո առաջին ֆուտբոլիստը, որը աշխարհի առաջնությունում հեթ-տրիկ է ձևակերպել սեփական հարկի տակ։ Հերսթը դա արել էր 1966 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում՝ Անգլիայի հավաքականի կազմում։
Կանադան խաղի առաջին րոպեներից առավելություն ուներ և վստահորեն վերահսկում էր հանդիպման ընթացքը։ Կատարը խաղն ավարտեց ինը ֆուտբոլիստով՝ երկու հեռացումից հետո, սակայն կանադացիները հաշվի մեջ առաջ էին անցել դեռ մինչև մրցակցի՝ թվային փոքրամասնության մեջ հայտնվելը։
Կանադայի պատմական հաղթանակը, սակայն, ստվերվեց կիսապաշտպան Իսմայել Կոնեի ծանր վնասվածքով։ Երկրորդ խաղակեսում նա ստիպված էր ժամանակից շուտ լքել խաղադաշտը՝ ոտքի լուրջ վնասվածքի պատճառով։
B խմբի մյուս խաղում Շվեյցարիայի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Բոսնիա և Հերցեգովինային։ Երկար ժամանակ թվում էր, որ հանդիպումը կավարտվի գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն 75-րդ րոպեից հետո թիմերը խփեցին միանգամից հինգ գոլ։
Շվեյցարիայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յոհան Մանզամբին, իսկ Ռուբեն Վարգասը աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցմամբ։ Բոսնիա և Հերցեգովինան նույնպես խաղն ավարտեց թվային փոքրամասնությամբ՝ Մուհարեմովիչի հեռացումից հետո։
Բոսնիական թիմի միակ գոլը խփեց Էրմին Մահմիչը՝ գեղեցիկ հարվածով։ Սակայն հանդիպման հաղթողը Շվեյցարիան էր, որը կարևոր երեք միավոր վաստակեց։
Երկու տուրից հետո B խմբում առաջատարներն են Կանադան և Շվեյցարիան, որոնք ունեն 4-ական միավոր։ Վերջին տուրում նրանք կմրցեն միմյանց հետ, իսկ մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինան կհանդիպի Կատարին։
B խմբի մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո
- Կանադա — 4 միավոր
- Շվեյցարիա — 4
- Բոսնիա և Հերցեգովինա — 1
- Կատար — 1
3-րդ տուրի հանդիպումները
Կանադա — Շվեյցարիա
Բոսնիա և Հերցեգովինա — Կատար