Կանադայի հավաքականի առաջատար Իսմայել Կոնեն ծանր վնասվածք է ստացել Կատարի դեմ խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կանադայի հավաքականի կիսապաշտպան Իսմայել Կոնեն ծանր վնասվածք է ստացել աշխարհի առաջնության՝ Կատարի դեմ խաղում։
Դրվագը տեղի է ունեցել հանդիպման 51-րդ րոպեին, երբ Կանադան հաղթում էր 3:0 հաշվով։ Այդ պահին Կատարն արդեն խաղում էր տասը ֆուտբոլիստով, իսկ Կոնեի հետ կոշտ բախումից հետո կարմիր քարտ ստացավ նաև Ասիմ Մադիբոն։ Արդյունքում Կատարի հավաքականը մնաց ինը ֆուտբոլիստով։
Կոշտ բախումից հետո Կոնեն ընկավ խաղադաշտում, իսկ նրա շուրջ գտնվող ֆուտբոլիստների արձագանքը միանգամից ցույց տվեց իրավիճակի լրջությունը։ Խաղացողները բռնել էին գլուխները, իսկ մարզադաշտում լռություն էր տիրել։
Նախնական տեղեկություններով՝ Կանադայի հավաքականի կիսապաշտպանը կոտրել է ոտքը։ Ազգային թիմի առաջատարներից մեկի համար աշխարհի առաջնությունը, ըստ էության, ավարտված է։
Վնասվածքը կարող է չափազանց լուրջ լինել և հանգեցնել երկարատև վերականգնման։ Չի բացառվում, որ Կոնեն բաց թողնի հաջորդ մրցաշրջանի զգալի մասը, իսկ վատագույն դեպքում՝ մոտ մեկ տարի։
Կանադայի հավաքականի համար սա ծանր կորուստ է՝ չնայած Կատարի դեմ խաղում ունեցած վստահ առավելությանը։ Կոնեն թիմի առանցքային ֆուտբոլիստներից էր և կարևոր դեր ուներ դաշտի կենտրոնում։
