Գոռ Կարապետյանը Բուդապեշտի ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում զբաղեցրել է 7-րդ տեղը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի ձյուդոիստ Գոռ Կարապետյանը Բուդապեշտում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարում մինչև 100 կգ քաշային կարգում զբաղեցրել է յոթերորդ տեղը։
20-ամյա հայ մարզիկը մրցաշարի ընթացքում անցկացրել է չորս գոտեմարտ։ Մեկնարկում Կարապետյանը երկու հաղթանակ է տարել՝ հաջորդաբար առավելության հասնելով Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի ներկայացուցիչների նկատմամբ։
Քառորդ եզրափակչում հայ ձյուդոիստը պարտվել է Պորտուգալիայի ներկայացուցչին և պայքարը շարունակել սփոփիչ փուլում։ Այնտեղ Կարապետյանը զիջել է Բուլղարիայի մարզիկին՝ մրցաշարն ավարտելով յոթերորդ հորիզոնականում։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները չեն կարողացել հաղթահարել առաջին փուլը։ Վահե Աղասյանը (60 կգ), Աշիկ Անդրեասյանը (60 կգ) և Արտակ Թորոսյանը (73 կգ) պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և ավարտել ելույթները։
Միևնույն ժամանակ մրցաշարի մեդալ է նվաճել Շվեդիան ներկայացնող հայկական ծագում ունեցող ձյուդոիստ Նարեկ Վարդանյանը։ 18-ամյա մարզիկը արծաթե մեդալ է նվաճել մինչև 73 կգ քաշային կարգում։ Վարդանյանի համար սա կարիերայի առաջին մեդալն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Բուդապեշտի «Մեծ սաղավարտի» մրցաշարի բոլոր հաղթողները
Տղամարդիկ
- 60 կգ — Իժակ Աշպիզ (Իսրայել)
- 66 կգ — Բոյան Յոտով (Բուլղարիա)
- 73 կգ — Ռաշիդ Մամադալիև (Ադրբեջան)
- 81 կգ — Յոշիտո Հոջո (Ճապոնիա)
- 90 կգ — Գիլյերմե Շմիդտ (Բրազիլիա)
- 100 կգ — Ջեննարո Պիրելի (Իտալիա)
- +100 կգ — Վալերի Եվդովիցկի (Ռուսաստան)
Կանայք
- 48 կգ — Սաբինա Գիլյազովա (Ռուսաստան)
- 52 կգ — Այումի Լեյվա (Իսպանիա)
- 57 կգ — Հարուկա Ֆունակուրո (Ճապոնիա)
- 63 կգ — Մեգու Դաննո (Ճապոնիա)
- 70 կգ — Էլիզավետ Տելցիդու (Հունաստան)
- 78 կգ — Պետրունիա Պավիչ (Խորվաթիա)
- +78 կգ — Ռազ Հերշկո (Իսրայել)