Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդ U21»-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը անհատական ճանաչման է արժանացել անգլիական «Սանդերլենդի» համակարգում անցկացրած մրցաշրջանի արդյունքներով։ Հարձակվողը ճանաչվել է ակումբի երիտասարդական՝ U21 թիմի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Գերագուսյանի համար այս մրցաշրջանը հագեցած և կարևոր էր զարգացման տեսանկյունից։ Չնայած վնասվածքներին, որոնց պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի մեկնարկային հատվածն ու վերջնամասը, հայ հարձակվողը կարողացավ վառ դրսևորել իրեն «Սանդերլենդի» երիտասարդական թիմերի կազմում միանգամից մի քանի մրցաշարերում։
«Սանդերլենդ U21»-ի կազմում Ֆիննը հանդես է եկել չորս մրցաշարերում։ Պրեմիեր լիգա 2-ում նրա հաշվին է 11 հանդիպում, 3 գոլ և 2 գոլային փոխանցում։ Պրեմիեր լիգայի գավաթում նա անցկացրել է 5 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա թիմը հասել է մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով զիջել է «Բերնլիին», սակայն Գերագուսյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել վճռորոշ հանդիպմանը։
Բացի այդ, հարձակվողը 2 հանդիպում է անցկացրել Ազգային լիգայի գավաթում և 1 հանդիպում՝ Պրեմիեր լիգայի միջազգային գավաթում։ Մրցաշրջանի ընթացքում Գերագուսյանը նաև հանդես է եկել «Սանդերլենդի» U18 թիմի կազմում։ Ընդհանուր առմամբ, բոլոր մրցաշարերում նրա հաշվին է 13 գոլ և 3 գոլային փոխանցում 29 խաղում։
Մրցաշրջանը երիտասարդ ֆուտբոլիստի համար կարևոր էր ոչ միայն ակումբային մակարդակում։ Գերագուսյանը ընդգրկվել է «Սանդերլենդի» հիմնական թիմի հայտացուցակում Անգլիայի գավաթի խաղերում, թեև խաղադաշտ դուրս չի եկել։ Նա նաև առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և նորամուտը նշել ազգային թիմի կազմում Բելառուսի դեմ ընկերական խաղում։
«Սանդերլենդ U21»-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը դարձավ Գերագուսյանի առաջընթացի և անգլիական ակումբի համակարգում նրա աճող դերի հաստատումը։ 18-ամյա հարձակվողի համար այս մրցաշրջանը կարելի է համարել պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկի առանցքային փուլերից մեկը։ Այս ամռանը նա կդառնա ազատ գործակալ և կկարողանա ընտրել, թե որ ակումբի հետ ստորագրի իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Նրա նկատմամբ մեծ պահանջարկ կա, իսկ «Սանդերլենդն» ինքը ցանկանում է պահել բարձրահասակ հարձակվողին ակումբի համակարգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0