Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան քննարկել է հավաքականների նախապատրաստությունը և մարզական կոչումների նոր չափորոշիչները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում տեղի է ունեցել մարզչական շտաբի հերթական նիստը՝ ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային հավաքականների ընթացիկ աշխատանքները, առաջիկա միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու գործընթացը, ինչպես նաև մի շարք ռազմավարական նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայաստանում ծանրամարտի հետագա զարգացմանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։ Այնուհետև ազգային հավաքականների գլխավոր և ավագ մարզիչները զեկուցել են մեծահասակների Եվրոպայի առաջնության, երիտասարդների աշխարհի առաջնության և առաջիկա այլ մրցաշարերի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
Առանձին ուշադրություն է դարձվել պատանիների աշխարհի առաջնությանը։ Հայաստանի պատանեկան հավաքականը մրցավայր կմեկնի հուլիսի 4-ին։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև պատանի և դեռահաս աղջիկների ու տղաների հավաքականներում մարզիկների ներգրավվածության աճը, ինչպես նաև մարզչական աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։
Կարևոր որոշումներից մեկը ծանրամարտի մարզիչների վերապատրաստման և որակավորման միասնական համակարգի մշակման մտադրությունն է։ Դրա նպատակն է ապահովել անձնական մարզիչների մասնագիտական շարունակական զարգացումը և ներդնել որակավորման միասնական չափանիշներ։
Բացի այդ, նիստի մասնակիցները քննարկել են մարզաձևի զարգացման հաջորդ փուլին առնչվող ծրագրերը։ Որոշվել է 2026 թվականի օգոստոսի 1-ից ներդնել նոր չափորոշիչներ «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման համար։