Էնթոնի Սարգիսյանը ճանաչվել է Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնի MVP
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի առաջատար Էնթոնի Սարգիսյանը ճանաչվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող։
Սարգիսյանն օգնեց Հայաստանի հավաքականին հաղթել մրցաշարում՝ չկրելով ոչ մի պարտություն։ Առաջնության ընթացքում ուժային հարձակվողը տպավորիչ վիճակագրություն գրանցեց՝ մեկ խաղում միջինը վաստակելով 21 միավոր, կատարելով 17,8 անդրադարձ և 3 արդյունավետ փոխանցում։
Էնթոնին իր լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց Մոլդովայի դեմ կիսաեզրափակիչում՝ ձևակերպելով դաբլ-դաբլ՝ 26 միավոր և 26 անդրադարձ։ Եզրափակիչում Հայաստանի հավաքականը 97։68 հաշվով ջախջախեց Մալթային, իսկ Սարգիսյանը վաստակեց 18 միավոր և կատարեց 21 անդրադարձ։
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 2017 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնի չեմպիոն և հաջորդ մրցաշրջանում B դիվիզիոնում հանդես գալու իրավունք ստացավ։
Էնթոնի Սարգիսյանի հետ միասին մրցաշարի խորհրդանշական հավաքականում ընդգրկվեց Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Իթան Լեոնարդո Կազանջյանը։ Լավագույն հնգյակում տեղ գտան նաև Կոսովոյի ներկայացուցիչ Օրիկ Իստրեֆին և Մալթայի հավաքականի բասկետբոլիստներ Զաք Սաիդ Հոլիերը և Բո Սամուել Կիշվարդան։
196 սանտիմետր հասակ ունեցող Էնթոնի Սարգիսյանը հանդես է գալիս ուժային հարձակվողի դիրքում։ Նա սովորում և խաղում է Լոս Անջելեսի Chaminade College Preparatory դպրոցի թիմում։