Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ դարձավ «Ալ-Ահլիի» ջախջախիչ հաղթանակում «Ալ-Ռիյադի» նկատմամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլ խփեց Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրի խաղում, որտեղ «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ 5:0 հաշվով առավելության հասավ «Ալ-Ռիյադի» նկատմամբ։
Պրո լիգայում կրած երկու անընդմեջ պարտություններից հետո «Ալ-Ահլիին» անհրաժեշտ էր հաղթանակ, և թիմը վստահորեն լուծեց այդ խնդիրը։ Հաշիվը 16-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Այվան Թոունին, իսկ 43-րդ րոպեին Սպերցյանը գեղեցիկ հարվածով օդից կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Ֆրանսիշկու Տրինկաուն խփեց երրորդ գոլը։
Երկրորդ խաղակեսում Թոունին կրկին անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով դուբլը, իսկ 87-րդ րոպեին Նաիֆ Մասուդը սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 5:0։
Այս հաղթանակը կարևոր էր «Ալ-Ահլիի» համար, քանի որ թիմը հանդիպումից առաջ հրաժեշտ էր տվել մարզական տնօրեն Ռույ Պեդրուին և ձգտում էր դուրս գալ ճգնաժամային շրջանից։
Սպերցյանի համար սա դարձավ երկրորդ գոլը Սաուդյան Արաբիայի առաջնությունում և երրորդը բոլոր մրցաշարերում ընթացիկ մրցաշրջանում։ Բացի այդ, նրա հաշվին արդեն կա 3 գոլային փոխանցում՝ անցկացրած 7 խաղում։
Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը «Ալ-Ռիյադի» դեմ խաղում.
- Խաղաժամանակ՝ 75 րոպե
- Գոլեր՝ 1
- Հարվածներ՝ 1
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 20 (74%)
- xA՝ 0.15
- Հաջող դրիբլինգ՝ 1/1
- Գնդակի հեռացումներ՝ 1
- Արգելափակված հարվածներ՝ 1
- Մենապայքարներ՝ 1/2
- SofaScore-ի գնահատական՝ 8.3՝