Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի» «Կրասնոդարից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Կիսապաշտպանը պաշտոնապես դարձել է «Ալ-Ահլիի» ֆուտբոլիստ։
Սպերցյանի տեղափոխության մասին հայտնել են երկու ակումբներն էլ՝ սաուդյան «Ալ-Ահլին» և ռուսական «Կրասնոդարը»։ Ըստ առկա տեղեկությունների՝ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «4+1» ձևաչափով։ Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 20 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը, ըստ ԶԼՄ-ների, կարող է հասնել տարեկան 6 միլիոն եվրոյի։
Պայմանագիրը ստորագրելուց առաջ Սպերցյանը հաջողությամբ անցել է բուժզննումը։ Դրանից հետո կիսապաշտպանը միացել է իր նոր թիմին Ավստրիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ։
«Ալ-Ահլին» սաուդյան և ասիական ֆուտբոլի գրանդներից մեկն է։ Ակումբը ԱՖԿ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնության բրոնզե մեդալակիրը։ «Ալ-Ահլի» տեղափոխությունը Սպերցյանի համար կլինի պրոֆեսիոնալ կարիերայի առաջին արտասահմանյան փուլը։
«Կրասնոդարը» ջերմ խոսքերով հրաժեշտ է տվել իր ավագին։ Ակումբում նշել են, որ Սպերցյանը ակումբի ակադեմիայի ամենաականավոր սաներից մեկն է։ «Ցուլերի» հիմնական թիմի կազմում նա անցկացրել է 185 հանդիպում, որոնցում գրանցել է 102 արդյունավետ գործողություն՝ 58 գոլ և 44 գոլային փոխանցում։ Խփած գոլերի քանակով Սպերցյանը զբաղեցնում է երկրորդ տեղը «Կրասնոդարի» պատմության մեջ։
Հայ կիսապաշտպանի համար առանձնահատուկ էր 2024/25 մրցաշրջանը, երբ նա ավագի կարգավիճակում «Կրասնոդարին» առաջնորդեց դեպի ակումբի պատմության առաջին չեմպիոնությունը։ Հաջորդ մրցաշրջանում Սպերցյանը կրկին թիմի առաջատարներից էր․ նա դարձավ ՌՊԼ-ի լավագույն ասիստենտը՝ կատարելով 16 գոլային փոխանցում, ինչպես նաև լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով՝ վաստակելով 29 միավոր՝ 13 գոլ և 16 գոլային փոխանցում։
«Շնորհակալություն ամեն ինչի համար, ավագ։ Հաջողություն կարիերայի նոր փուլում», — ասված է «Կրասնոդարի» հաղորդագրության մեջ։
Սպերցյանը հեռանում է ռուսական ակումբից՝ լինելով նրա պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Այժմ Հայաստանի հավաքականի ավագին սպասվում է կարիերայի նոր մարտահրավեր Ասիայի ուժեղագույն ակումբներից մեկում։