Էդգար Սևիկյանը փոխարինման դուրս եկավ Եվրոպա լիգայում «Ֆերենցվարոշի» հաղթական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունգարական «Ֆերենցվարոշը» վստահորեն դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ, իսկ բելառուսական ԲԱՏԷ-ն շարունակեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։
«Ֆերենցվարոշը» երկու հանդիպումների արդյունքում 5։1 հաշվով ջախջախեց սերբական «Վոյվոդինային»։ Առաջին խաղն ավարտվել էր հունգարական թիմի՝ 2։1 հաշվով հաղթանակով, իսկ պատասխան հանդիպմանը «Ֆերենցվարոշը» երեք անպատասխան գնդակ խփեց՝ 3։0։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը չի մասնակցել առաջին հանդիպմանը, իսկ պատասխան խաղում փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին։
«Նոայի» նախկին հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը պատասխան հանդիպմանը մնացել է «Վոյվոդինայի» պահեստայինների նստարանին։ Առաջին խաղում հարձակվողը դաշտում անցկացրել էր առաջին խաղակեսը։
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ֆերենցվարոշը» կմրցի նիդերլանդական «Տվենտեի» հետ։
ԲԱՏԷ-ն նույնպես հաջողությամբ հաղթահարել է եվրագավաթների որակավորման առաջին փուլը։ Բելառուսական ակումբը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթել է ալբանական «Էլբասանիին»։
Հայ պաշտպան Հայկ Մուսախանյանը բաց է թողել պատասխան հանդիպումը, սակայն առաջին խաղում ԲԱՏԷ-ի կազմում դաշտում անցկացրել է բոլոր 90 րոպեները։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման հաջորդ փուլում բելառուսական թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Սիոնը»։