«Նոայի» նախկին ֆուտբոլիստ Լոգան Ռոջերսոնը հրավիրվել է Նոր Զելանդիայի հավաքական՝ աշխարհի առաջնության համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» նախկին ֆուտբոլիստ Լոգան Ռոջերսոնը հրավիրվել է Նոր Զելանդիայի հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ «Օքլենդի» հարձակվողը հավաքականի կազմում կփոխարինի «Փիթերբորո Յունայթեդի» կիսապաշտպան Մեթյու Գարբեթին, որը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։
28-ամյա Ռոջերսոնի համար սա կարիերայի կարևոր պահ է։ «Օքլենդում» նշել են, որ հավաքականի կազմում ընդգրկվելը նրա գլխավոր նպատակներից մեկն էր ակումբ տեղափոխվելուց հետո։ Այժմ նա դարձել է «Օքլենդի» արդեն վեցերորդ ներկայացուցիչը Նոր Զելանդիայի հայտացուցակում։
Հայ ֆուտբոլասերներին Լոգան Ռոջերսոնը լավ ծանոթ է «Նոայում» ելույթներով։ Նա երևանյան ակումբում հանդես է եկել 2023/24 մրցաշրջանում, որից հետո վերադարձել է Նոր Զելանդիա և կարիերան շարունակել «Օքլենդում»։
Ինքը՝ ֆուտբոլիստը, խոստովանել է, որ Գարբեթի վնասվածքի պատճառով հակասական զգացումներ ունի։ Ռոջերսոնը նրան անվանել է իր լավ ընկեր, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ ուրախ է աշխարհի առաջնությունում ազգային հավաքականին միանալու հնարավորության համար։
Նոր Զելանդիան արդեն անցկացրել է մրցաշարի առաջին հանդիպումը՝ Իրանի հետ խաղալով ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Ռոջերսոնը այդ խաղի հայտացուցակում չէր, քանի որ հավաքականին պետք է միանա առաջիկա օրերին։ Սպասվում է, որ «Նոայի» նախկին ֆուտբոլիստը կկարողանա օգնել հավաքականին արդեն խմբային փուլի երկրորդ տուրում՝ Եգիպտոսի դեմ խաղում։
G խմբում հանդես են գալիս նաև Բելգիայի և Եգիպտոսի հավաքականները, որոնք առաջին տուրում նույնպես ոչ-ոքի են խաղացել՝ 1:1 հաշվով։