Բրունու Ուիլսոնը «Սան-Խոսեից» տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» ուժեղացրեց պաշտպանական գիծը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի մեկնարկից առաջ։ Հայաստանի չեմպիոնի նորեկը դարձավ 29-ամյա պորտուգալացի պաշտպան Բրունու Ուիլսոնը, որը երևանյան ակումբ է տեղափոխվել MLS-ը ներկայացնող «Սան-Խոսե Էրթքուեյքսից»։
Վերջին երկու մրցաշրջանները Ուիլսոնն անցկացրել է MLS-ում, որտեղ 29 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Մինչ ԱՄՆ տեղափոխվելը Բրունու Ուիլսոնը հանդես է եկել Պորտուգալիայի բարձրագույն լիգայում՝ ներկայացնելով «Բրագան», «Վիզելան» և «Տոնդելան»։ Ընդհանուր առմամբ, Պորտուգալիայի ուժեղագույն դիվիզիոնում պաշտպանը անցկացրել է 79 հանդիպում և խփել 5 գոլ։
Ուիլսոնը նաև հրավիրվել է Պորտուգալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներ։
Բրունու Ուիլսոնի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։ Ֆուտբոլիստի հասակը 192 սմ է, ինչը նրան դարձնում է լուրջ ուժեղացում «Արարատ-Արմենիայի» պաշտպանության կենտրոնի համար։
Արդեն հուլիսի 7-ին «Արարատ-Արմենիան» կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի լատվիական «Ռիգան»։