Բարսեղյանը գոլային փոխանցում կատարեց Տիկնիզյանի թիմի դեմ ընկերական խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրատիսլավայի «Սլովանը» և Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» ընկերական հանդիպում անցկացրին Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում։ Վինդիշգարստենում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Սերբական ակումբի կազմում առաջին խաղակեսն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո։
Հենց Բարսեղյանը դարձավ «Սլովանի» արդյունավետ գրոհի առանցքային մասնակիցներից մեկը խաղավերջում։ 87-րդ րոպեին նա գոլային փոխանցում կատարեց Պետեր Պոկորնիին, որը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։
«Ցրվենա Զվեզդան» առաջ էր անցել 81-րդ րոպեին՝ Ալեքսանդր Կատաիի գոլից հետո, սակայն սերբական ակումբին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։
Բարսեղյանի համար սա առաջին արդյունավետ գործողությունն էր «Սլովանի» նոր գլխավոր մարզիչ Յայա Տուրեի գլխավորությամբ։
Բրատիսլավյան ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին՝ հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ, որտեղ հանդես է գալիս մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյանը։
Ընկերական հանդիպում
«Ցրվենա Զվեզդա» — «Սլովան» Բրատիսլավա — 1:1
Գոլերը՝ Կատաի, 81 — Պոկորնի, 87։