SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հարությունյանը ամրապնդվեց Հունգարիայում․ ուժեղ ավարտ մրցաշրջանում, բայց «Պուշկաշ Ակադեմիան» մնաց առանց եվրագավաթների


Հարությունյանը ամրապնդվեց Հունգարիայում․ ուժեղ ավարտ մրցաշրջանում, բայց «Պուշկաշ Ակադեմիան» մնաց առանց եվրագավաթների
Ֆուտբոլ 💬 Comment

Ավարտվեց Հունգարիայի ֆուտբոլի 2025/26 մրցաշրջանը։ Առաջնության հաղթող դարձավ «Դյորը», որը վաստակեց 69 միավոր և ընդամենը մեկ միավորով առաջ անցավ «Ֆերենցվարոշից»։ Դյորի ակումբի համար սա պատմության մեջ հինգերորդ չեմպիոնական տիտղոսն էր և առաջինը վերջին 13 տարվա ընթացքում։

Մրցաշրջանի արդյունքները հատկապես հետաքրքիր են նաև հայկական տեսանկյունից։ Վերջին տարիներին հայկական ակումբները եվրագավաթներում պարբերաբար հանդիպում են հունգարական թիմերի հետ․ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայկական ակումբը խաղացել էր «Ֆերենցվարոշի», իսկ Կոնֆերենցիաների լիգայում՝ «Դյորի» դեմ։

Այժմ հենց «Դյորը» կներկայացնի Հունգարիան Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ «Ֆերենցվարոշը», որտեղ ամռանը պետք է վերադառնա Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, հանդես կգա Եվրոպա լիգայում։ Կոնֆերենցիաների լիգայում Հունգարիան կներկայացնեն «Պակշը» և «Դեբրեցենը»։ Եզրափակիչ աղյուսակում «Պակշը» և «Դեբրեցենը» վաստակեցին 53-ական միավոր և զբաղեցրին համապատասխանաբար երրորդ ու չորրորդ տեղերը։

Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» մրցաշրջանն ավարտեց վեցերորդ տեղում

Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանի թիմը՝ «Պուշկաշ Ակադեմիան», առաջնությունն ավարտեց վեցերորդ հորիզոնականում։ Ակումբը 33 խաղում վաստակեց 46 միավոր և չկարողացավ նվաճել եվրագավաթների ուղեգիր։

Ինքը՝ Հարությունյանը, անցկացրեց ոչ միանշանակ, բայց ընդհանուր առմամբ օգտակար երկրորդ մրցաշրջան ակումբում։ Առաջնության սկզբում 21-ամյա պաշտպանը խնդիրներ ուներ խաղաժամանակի հետ․ թիմը հարմարվում էր նոր սահմանափակումներին և փորձարկում կազմի տարբեր տարբերակներ, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստը միշտ չէ, որ կայուն տեղ էր ստանում խաղադաշտում։

Սակայն մրցաշրջանի ընթացքում Հարությունյանը կարողացավ ապացուցել իր ունակությունները միանգամից մի քանի դիրքերում։ Առաջնության առաջին հատվածում նա ավելի հաճախ խաղում էր կիսապաշտպանությունում և երբեմն փակում էր պաշտպանության ձախ եզրը, իսկ մրցաշրջանի երկրորդ կեսը հիմնականում անցկացրեց կենտրոնական պաշտպանի դիրքում։

Արդյունքում Գեորգին մասնակցեց հնարավոր 33 խաղերից 24-ին, 14 անգամ դուրս եկավ մեկնարկային կազմում, իսկ 12 խաղում խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները։ Մրցաշրջանի վերջին հինգ հանդիպումներում Հարությունյանը մշտապես հայտնվում էր մեկնարկային կազմում և խաղում էր առանց փոխարինման։

SofaScore-ի տվյալներով՝ Հարությունյանի միջին գնահատականը կազմել է 6.71՝ թիմային միջին 6.73 ցուցանիշի դեպքում։ Նրա հաշվին կա մեկ գոլային փոխանցում, երկու ստեղծած գոլային պահ և մեկ չօգտագործված ակնհայտ գոլային հնարավորություն։ Հայ պաշտպանի մասնակցությամբ հանդիպումներում «Պուշկաշ Ակադեմիան» երեք անգամ անառիկ է պահել դարպասը։

Մեկ խաղում միջինում Հարությունյանը կատարել է 1 ընդհատում, 1.4 խլում, 4 հեռացում և հաղթել է մենապայքարների 54%-ում։ Այս թվերը լավ են արտացոլում նրա դերը մրցաշրջանի երկրորդ հատվածում․ Գեորգին աստիճանաբար դարձավ թիմի պաշտպանական գծի ավելի կարևոր ֆուտբոլիստ։

Հարությունյանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է ևս երկու տարի՝ մինչև 2028 թվականի ամառը։

Արոյանի նախկին ակումբը դուրս մնաց

Անհաջող դասավորվեց մրցաշրջանը «Կազինցբարցիկայի» համար՝ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի նախկին ակումբի։ Թիմը զբաղեցրեց վերջին տեղը Հունգարիայի առաջնությունում և դուրս մնաց երկրորդ դիվիզիոն։ Ինքը՝ Հարոյանը, մրցաշրջանի ընթացքում՝ նոյեմբերին, հեռացել էր թիմից։ Բարձրագույն խմբից դուրս մնաց նաև «Դիոշդյորը»։

Чемпионат Венгрии, Таблица


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։