Արտակ Օսեյանը հեռացավ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ Դմիտրի Սելյուկի հետ ունեցած հակամարտությունից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ համագործակցության ավարտի մասին։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը։
Օսեյանի հետ միասին ակումբը լքում է նաև ամբողջ մարզչական շտաբը՝ գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանը և Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։
Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է.
««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը։
Արտակ Օսեյանի հետ համագործակցության ավարտի շրջանակում «Փյունիկը» լքում են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Օսեյանին և նրա մարզչական շտաբին ակումբում կատարած աշխատանքի և նվիրվածության համար։ Մենք շնորհակալ ենք նրանց «Փյունիկի» զարգացման, թիմի առջև դրված նպատակների իրականացման և ակումբի հաջող ելույթների համար ներդրած ժամանակի, էներգիայի և աշխատանքի համար»։
Օսեյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ մի քանի օր անց այն բանից հետո, երբ նա հրապարակային հակամարտության մեջ էր մտել ակումբի գլխավոր տնօրենի սպորտային հարցերով նոր խորհրդական Դմիտրի Սելյուկի հետ։
Տարաձայնությունների պատճառը թիմի հնարավոր տրանսֆերներն էին։ Օսեյանը հայտարարել էր, որ առանց գլխավոր մարզչի համաձայնության ոչ մի ֆուտբոլիստ չի կարող հայտնվել «Փյունիկում»՝ դժգոհություն հայտնելով մամուլում շրջանառվող նորեկների վերաբերյալ տեղեկություններից։
Ի պատասխան՝ Դմիտրի Սելյուկը կոշտ հայտարարությամբ ընդգծել էր, որ կադրային որոշումները կայացնում է ակումբի ղեկավարությունը։
«Մարդիկ, ովքեր չեն ցանկանում աշխատել մեր կանոններով, չեն աշխատի ակումբում։ Եթե Օսեյանը չաշխատի մեր կանոններով, նա չի լինի «Փյունիկում»։ «Փյունիկում» ամեն ինչ որոշում է ակումբը», — հայտարարել էր Սելյուկը։
Այս հրապարակային դիմակայությունից հետո Օսեյանի ապագան ակումբում հարցականի տակ էր հայտնվել, իսկ այժմ նրա հեռանալը պաշտոնապես հաստատվել է։
Թե ով կդառնա «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչը, ակումբը դեռ չի հայտնել։