Արսեն Բեգլարյանը կատակել է Այվազովի երկու փրկությունների մասին. «14 րոպեում այնքան 11-մետրանոց հետ մղեց, որքան ես՝ 14 տարում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հումորով արձագանքել է «Գանձասարի» դարպասապահ Անատոլի Այվազովի փայլուն ելույթին, որը Հայաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Նոայի» դեմ խաղում հետ մղեց միանգամից երկու 11-մետրանոց հարված։
«14 րոպեում այնքան 11-մետրանոց հետ մղեց, որքան ես՝ 14 տարում», — գրել է Բեգլարյանը՝ մեկնաբանելով գործընկերոջ խաղը։
Երկրորդ խաղակեսում, երբ հաշիվը 2:2 էր, Այվազովը նախ հետ մղեց Էլդեր Ֆերեյրայի իրացրած 11-մետրանոցը, ապա հաղթող դուրս եկավ նաև Գոռ Մանվելյանի կատարած հարվածից։ Սակայն, չնայած իր դարպասապահի հերոսական խաղին, «Գանձասարը» չկարողացավ պահպանել ոչ-ոքին. 98-րդ րոպեին Մանվելյանը խաղից խփեց հաղթական գոլը և «Նոային» պարգևեց 3:2 հաշվով հաղթանակ։
Transfermarkt-ի տվյալներով՝ Արսեն Բեգլարյանն իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հետ է մղել երեք 11-մետրանոց։ Դրանցից մեկը եղել է Հայաստանի հավաքականի կազմում Դանիայի դեմ խաղում, երբ նա հետ մղեց Քրիստիան Էրիկսենի հարվածը։ Եվս երկու 11-մետրանոց նա հետ էր մղել «Կրասնոդարի» երիտասարդական թիմում հանդես գալու տարիներին։
Մինչև «Նոայի» դեմ հանդիպումը Այվազովն իր ակտիվում նույնպես ուներ երկու հետ մղված 11-մետրանոց. 2017 թվականին նա թույլ չէր տվել աչքի ընկնել Վարդան Պողոսյանին, իսկ 2024-ին՝ Հովհաննես Հարությունյանին։ Այսպիսով, ընդամենը մեկ խաղում դարպասապահը կրկնապատկեց իր կարիերայում հետ մղված 11-մետրանոցների թիվը։