Հայաստանի սամբիստները երկու մեդալ են նվաճել Տաշքենդում ընթացող աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 6-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է սամբոյի աշխարհի 2026 թվականի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ՝ մեկ արծաթե և մեկ բրոնզե։ Մրցանակակիրներ են դարձել Բորիս Շատվերյանը և Մայիս Ներսեսյանը։
Սամբոյի աշխարհի հոբելյանական՝ 50-րդ առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 6-8-ը։ Մրցաշարին մասնակցում են 101 երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանի առաջին մեդալը նվաճել է Բորիս Շատվերյանը, որը հանդես է գալիս մարզական սամբոյի 79 կգ քաշային կարգում։ Եզրափակիչի ճանապարհին հայ մարզիկը չորս անընդմեջ հաղթանակ է տարել՝ հաջորդաբար պարտության մատնելով Էկվադորի, Նիկարագուայի, Մոլդովայի և Ղրղզստանի ներկայացուցիչներին։
Վճռորոշ գոտեմարտում Շատվերյանը հանդիպել է բուլղարացի Իվան Խարկովին, որին զիջել է՝ աշխարհի առաջնությունն ավարտելով արծաթե մեդալով։
Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալը նվաճել է Մայիս Ներսեսյանը՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում։ Հայ սամբիստը հաղթել է Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է Թուրքմենստանի մարզիկին։ Արդյունքում Ներսեսյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Թուրքմենստանի ներկայացուցիչ Սանջարբեկ Ավազբերդիևը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները
Մարզական սամբո
-
58 կգ — Կարեն Սարգսյան։ Հաղթանակներ է տարել Տաջիկստանի և Իսպանիայի ներկայացուցիչների նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում զիջել է Ռուսաստանի մարզիկին։ Վերջինս հետագայում պարտվել է վրացի սամբիստին։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Վախթանգի Չիդրաշվիլին։
-
50 կգ, կանայք — Աննա Այվազյան։ Առաջին գոտեմարտում հաղթել է Ռումինիայի ներկայացուցչուհուն, այնուհետև պարտվել Թուրքմենստանի մարզուհուն։ Աշխարհի չեմպիոնուհի է դարձել բելառուս Անֆիսա Կապաևան։
Մարտական սամբո
-
88 կգ — Լեոնիդ Մելիքյան։ Մրցաշարը սկսել է Պանամայի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակով, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի մրցակցին։ Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դեմիդ Վոլկովը։
Մեդալային հաշվարկը առաջին օրվանից հետո
Մրցումային առաջին օրվա արդյունքներով մեդալային հաշվարկը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որն իր ակտիվում ունի երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։
Հայաստանի հավաքականի ակտիվում երկու պարգև է՝ Բորիս Շատվերյանի արծաթե և Մայիս Ներսեսյանի բրոնզե մեդալները։
Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունը կշարունակվի նոյեմբերի 7-ին և 8-ին, երբ կխաղարկվեն մեդալների մնացած հավաքածուները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0