Ալբերտ Ալեքսանյանը հրավիրվել է Լատվիայի երիտասարդական հավաքական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նորչյոպինգի» հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը հրավեր է ստացել Լատվիայի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Բալթյան գավաթի հանդիպումներին։ Մրցաշարը կանցկացվի Ռիգայում, որտեղ Լատվիայի Մ-21 հավաքականը կմրցի Լիտվայի և Էստոնիայի հետ։ Հանդիպումները նախատեսված են հունիսի 5-ին և 9-ին։
Ալեքսանյանի համար այս հրավերը կարող է կարևոր քայլ դառնալ միջազգային կարիերայում։ Ավելի վաղ Sportaran-ը գրել էր, որ ֆուտբոլիստը միանգամից երեք ֆեդերացիաների ուշադրության կենտրոնում է՝ Լատվիայի, Նորվեգիայի և Հայաստանի։
Ալբերտ Ալեքսանյանը ծնվել է Լատվիայում, սակայն մանկուց ապրում է Նորվեգիայում։ Ֆուտբոլիստն ունի Լատվիայի և Նորվեգիայի քաղաքացիություն, ինչպես նաև ծագմամբ Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք։ Մինչ այս պահը նա դեռ չէր հրավիրվել որևէ պատանեկան կամ երիտասարդական հավաքական։
Ալեքսանյանը հարձակման գծի ունիվերսալ ֆուտբոլիստ է։ Նրա հիմնական դիրքը ձախ վինգերն է, սակայն նա վստահ է գործում նաև հարձակման աջ եզրում։ Չնայած տպավորիչ հասակին՝ 193 սմ, ֆուտբոլիստն աչքի է ընկնում արագությամբ, տեխնիկայով և մեկի դեմ մեկ պայքարում խաղալու կարողությամբ։
Նախորդ մրցաշրջանում Ալեքսանյանը հանդես էր գալիս նորվեգական Ull/Kisa ակումբում և դարձավ թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն։ Նրա թիմը առաջնությունն ավարտեց հինգերորդ տեղում։
Այս ձմռանը հարձակվողը տեղափոխվեց շվեդական «Նորչյոպինգ», որը հանդես է գալիս Առաջին լիգայում։ Նոր ակումբում Ալեքսանյանն արդեն հասցրել է աչքի ընկնել 2 գոլով և 1 գոլային փոխանցմամբ՝ անցկացրած 12 խաղում։
Լատվիայի երիտասարդական հավաքական հրավերը Ալեքսանյանի ապագայի շուրջ իրավիճակը դարձնում է էլ ավելի հետաքրքիր, քանի որ ֆուտբոլիստը շարունակում է ունենալ մի քանի տարբերակ ազգային հավաքականի ընտրության հարցում։
