Տարբեր երկրներից 16 թիմ կմասնակցի Tour of Armenia հեծանվավազքին
Armenpress
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազք Tour of Armenia-ն Հայաստանում կհավաքի աշխարհի տարբեր երկրներից ժամանած 16 թիմերի։ Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 13-ը և կդառնա երկրի տարվա խոշորագույն միջազգային սպորտային իրադարձություններից մեկը։
Յուրաքանչյուր թիմ մրցավազքին կմասնակցի վեց հեծանվորդով։ Մասնակիցների թվում կլինեն մարզիկներ և թիմեր Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլ երկրներից։ Մրցաշարին կմասնակցի նաև հայկական թիմ։
Ակնկալվում է, որ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակության ներկայացուցիչ՝ մարզիկներ, մարզիչներ, թիմերի աշխատակիցներ, մրցավարներ և մրցումների կազմակերպման մեջ ներգրավված մասնագետներ։
Tour of Armenia-ի երթուղին նախատեսված է չորս փուլով։ Մրցավազքի ընդհանուր երկարությունը կկազմի 587 կիլոմետր, իսկ ընդհանուր վերելքը՝ մոտ 5300 մետր։ Հեծանվորդները կանցնեն Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերով, իսկ եզրափակիչ փուլը կավարտվի Երևանում։
Մրցավազքի ծրագիրը․
- Սեպտեմբերի 10 — Գավառ – Մեծ Մասրիկ (135 կմ)
- Սեպտեմբերի 11 — Կիրանց – Ստեփանավան (176 կմ)
- Սեպտեմբերի 12 — Մարտունի – Դիլիջան / Պարզ լիճ (164 կմ)
- Սեպտեմբերի 13 — Երևան (110 կմ, 10 շրջան)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մրցաշարի անցկացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում հեծանվասպորտի հետագա զարգացման և երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման համար։
Tour of Armenia-ն դիտարկվում է նաև որպես հնարավորություն՝ միջազգային լսարանին ներկայացնելու Հայաստանի բնությունն ու զբոսաշրջային հնարավորությունները։ Մրցուղին կանցնի երկրի ամենագեղեցիկ վայրերով՝ Սևանա լճի ափից մինչև մայրաքաղաքի փողոցներ։
Կազմակերպիչներն արդեն գործարկել են մրցաշարի պաշտոնական կայքը, որտեղ հրապարակված են երթուղու, փուլերի և մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները։
Tour of Armenia-ն կանցկացվի UCI Europe Tour-ի օրացույցի շրջանակում՝ 2.2 կարգով։
Մրցաշարի պաշտոնական կայք՝ Tour-of-armenia.com