Գևորգ Դիարբյանը իր դեբյուտի մասին. «Դա երազի պես էր»
23-ամյա Revolution II-ի կիսապաշտպան Գևորգ Դիարբյանը կյանքի կոչեց իր մանկության երազանքը՝ հայրենի նահանգում նորամուտը նշեց New England Revolution-ի հիմնական թիմում։ Խաղից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ֆուտբոլիստը կիսվեց երկար սպասված իրադարձության վերաբերյալ իր զգացմունքներով ու մտքերով։
Հայ ֆուտբոլիստը առաջին անգամ խաղաց MLS ակումբի հիմնական կազմում։ Գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ռոդ Այլենդի» դեմ խաղում Դիարբյանը խաղադաշտ դուրս եկավ 87-րդ րոպեին և առանցքային դեր ունեցավ իր թիմի հաղթական գոլի դրվագում։
Ծնունդով Քրանստոն քաղաքից՝ Ֆոքսբորոյի մարզադաշտից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա, Դիարբյանը մանկուց երկրպագել է New England Revolution-ին։ «Ամեն անգամ, երբ անցնում էինք մարզադաշտի կողքով, ծնողներիս ասում էի. “Ես այստեղ եմ խաղալու։ Սա իմ նպատակն է”», — խոստովանել է նա։
Մայիսի 7-ին՝ ակումբի ակադեմիայում տարիների մարզումներից, Revolution II-ում ելույթներից և Պրովիդենսի քոլեջում անցկացրած ժամանակից հետո, երազանքը վերջապես իրականություն դարձավ։ Դիարբյանը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հիմնական թիմի կազմում ԱՄՆ գավաթի՝ Rhode Island FC-ի դեմ խաղում՝ ընկերների, ընտանիքի և նախկին մարզիչների աչքի առաջ։
«Երբ իմացա, որ խաղում ենք Rhode Island-ի դեմ, հասկացա՝ սա այն հնարավորությունն է, որին ամբողջ կյանքում սպասել էի։ Նորամուտ նշել հայրենի նահանգում, այն էլ այն ակումբի կազմում, որին մանկուց երկրպագել եմ, առանձնահատուկ զգացում է», — պատմել է նա։
87-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ խաղադաշտ դուրս եկած Դիարբյանը գրեթե անմիջապես աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։ Նրա փոխանցումը ձախ եզրից դիպավ դարպասաձողին, որից հետո գնդակը հայտնվեց Revolution II-ի իր թիմակից Կրիշտիանու Օլիվեյրայի մոտ, ով էլ խփեց հաղթական գոլը։
«Կարևոր չէ, թե քանի րոպե ունեի. ես գիտեի, որ պետք է ազդեմ խաղի ընթացքի վրա», — ընդգծել է Դիարբյանը։ «Ես պարզապես ուզում էի օգնել թիմին և ուրախ եմ, որ Կրիշտիանուի մոտ ամեն ինչ ստացվեց։ Նա արժանի էր այդ պահին․ շատ աշխատասեր տղա է»։