Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը իմացավ իր մրցակիցներին Եվրո-2026/27-ի որակավորման փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Մ-19 Եվրոպայի առաջնության 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B լիգայի B2 խմբում։ Հայկական թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Բուլղարիայի և Վրաստանի հավաքականները։
Առաջին փուլի հանդիպումները կանցկացվեն մինի-մրցաշարերի ձևաչափով՝ մեկ երկրում։ B լիգայում հանդես կգա 24 հավաքական, որոնք բաժանված են 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Խմբերի հաղթողները, ինչպես նաև երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն թիմը, կբարձրանան A լիգա և պայքարը կշարունակեն որակավորման երկրորդ փուլում։
A լիգայում կմասնակցի 28 հավաքական՝ բաժանված 7 խմբի։ Իրենց խմբերում վերջին՝ չորրորդ տեղը զբաղեցրած թիմերը կնահանջեն B լիգա։
Կանանց Մ-19 Եվրոպայի առաջնության 2026/27 մրցաշրջանի եզրափակիչ փուլը կանցկացվի Հունգարիայում։