ԱԱ-2026-ի մասնակից, ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստ և ազգային հավաքականների վետերաններ․ ինչ է հայտնի «Արարատ-Արմենիայի» մրցակցի մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի Իռլանդիայի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Շեմրոկ Ռովերսի» հետ։ Հայկական թիմի մրցակցի կազմում ընդգրկված են 2026 թվականի աշխարհի առաջնության մասնակից, Անգլիայի Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստ և ազգային հավաքականներում հանդես եկած մի քանի նախկին խաղացողներ։
Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 28-ին Իռլանդիայում։ Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը կսպասարկի շոտլանդացի մրցավարների բրիգադը։
Ավագը վերադարձել է աշխարհի առաջնությունից
«Շեմրոկ Ռովերսի» պաշտպանության գլխավոր աստղը 34-ամյա Ռոբերտո Լոպեսն է։ Նա ծնվել է Իռլանդիայում, սակայն միջազգային մակարդակում ներկայացնում է Կաբո Վերդեն։ Կենտրոնական պաշտպանը դուբլինյան ակումբում հանդես է գալիս 2017 թվականից և թիմի ավագն է։
Լոպեսը դարձավ Կաբո Վերդեի հավաքականի առաջատարներից մեկը երկրի պատմության առաջին աշխարհի առաջնությունում։ Թիմը հասավ 1/16 եզրափակիչ և իսկական պայքար մղեց աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի դեմ՝ լրացուցիչ ժամանակից հետո պարտվելով 2։3 հաշվով։ Պաշտպանն անցկացրեց խաղադաշտում բոլոր 120 րոպեները։
Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը՝ մրցաշարից հետո Լոպեսը երկարատև հանգիստ չստացավ։ Ընդամենը մի քանի օր անց նա վերադարձավ ակումբ և օգնեց «Շեմրոկ Ռովերսին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հաղթահարել Մալթայի «Ֆլորիանայի» արգելքը։
Իռլանդացիներն առաջին խաղում պարտվեցին 0։2 հաշվով, սակայն սեփական հարկի տակ տպավորիչ հաղթանակ տարան՝ 5։1։ «Շեմրոկ Ռովերսը» դարձավ առաջին իռլանդական ակումբը, որը կարողացավ եվրագավաթային դիմակայությունում հաղթահարել երկու գնդակի պակասը։
ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստ և հավաքականներում հանդես եկած խաղացողներ
«Շեմրոկ Ռովերսն» ունի շատ փորձառու կազմ։ Պաշտպան Էնդա Սթիվենսը նախկինում հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում, ինչպես նաև պաշտպանել է Իռլանդիայի հավաքականի գույները։
Իռլանդիայի ազգային հավաքականում խաղալու փորձ ունեն նաև կիսապաշտպան Ջեք Բիրնը և հարձակվող Գրեհեմ Բերքը։ Պաշտպանության ևս մեկ հայտնի ֆուտբոլիստ է Ուելսի հավաքականի նախկին խաղացող Ադամ Մեթյուզը։ Իր կարիերայի ընթացքում նա ավելի քան 100 հանդիպում է անցկացրել շոտլանդական «Սելթիկի» կազմում, ինչպես նաև հանդես է եկել «Սանդերլենդում», «Չարլթոնում» և Կիպրոսի «Օմոնիայում»։
Ֆուտբոլիստների հիմնական խումբը երկար ժամանակ է՝ խաղում է միասին, ինչի շնորհիվ թիմը լավ խաղակցված է։ Միևնույն ժամանակ գլխավոր մարզիչ Սթիվեն Բրեդլին աստիճանաբար երիտասարդացնում է կազմը և խաղաժամանակ տրամադրում ակումբի ակադեմիայի սաներին։
«Շեմրոկ Ռովերսի» երիտասարդ տաղանդները
Երիտասարդ ֆուտբոլիստներից հատկապես առանձնանում է 17-ամյա հարձակվող Մայքլ Նունանը։ 2025 թվականի փետրվարին նա դարձավ Կոնֆերենցիաների լիգայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ աչքի ընկնելով նորվեգական «Մոլդեի» դեմ խաղում։ 2026 թվականի հունվարին «Շեմրոկ Ռովերսը» մերժեց գերմանական «Հոֆենհայմի» առաջարկները՝ իր սանին գնահատելով մոտ երկու միլիոն եվրո։
Մեկ այլ հեռանկարային ֆուտբոլիստ է 19-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Նաջ Ռազին։ Նա անցել է «Շեմրոկ Ռովերսի» ակադեմիան, այնուհետև տեղափոխվել իտալական «Կոմո», իսկ ավելի ուշ վերադարձել Իռլանդիա։ Ռազին արդեն խաղաժամանակ է ստանում հիմնական թիմում և վերջերս գոլի հեղինակ է դարձել Իռլանդիայի գավաթի խաղարկությունում։
Հարձակման գծում վտանգավոր է նաև 23-ամյա հյուսիսիռլանդացի Ջոն Մաքգովերնը։ «Կորկ Սիթիի» դեմ գավաթային վերջին խաղում նա փոխարինման դուրս եկավ, երկու գոլ խփեց և կատարեց գոլային փոխանցում, սակայն վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը։ Նրա մասնակցությունը «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին հարցականի տակ է։
Իսկ 19-ամյա կիսապաշտպան Ադամ Բրենանն արդեն հասցրել է նորամուտը նշել Իռլանդիայի հիմնական ազգային հավաքականում։
Թիմի առաջատարներից մեկը շարունակում է մնալ 32-ամյա Գրեհեմ Բերքը։ «Ֆլորիանայի» դեմ պատասխան խաղում նա խփեց եվրագավաթներում իր 15-րդ գոլը և դարձավ եվրոպական մրցաշարերում Իռլանդիայի առաջնության ակումբների ֆուտբոլիստների շրջանում լավագույն ռմբարկուն։
Իռլանդիայի ամենատիտղոսակիր ակումբը
«Շեմրոկ Ռովերսը» Իռլանդիայի ֆուտբոլի ռեկորդակիրն է չեմպիոնական տիտղոսների քանակով։ 2025 թվականի մրցաշրջանում դուբլինյան թիմը վերադարձրեց երկրի չեմպիոնի կոչումը և նվաճեց Իռլանդիայի գավաթը՝ ձևակերպելով 1987 թվականից ի վեր ակումբի առաջին «ոսկե դուբլը»։
Թիմը պարբերաբար մասնակցում է եվրագավաթներին։ 2024/25 մրցաշրջանում «Շեմրոկ Ռովերսը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ, զբաղեցրեց տասներորդ տեղը և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Մեկ տարի անց իռլանդական ակումբը կրկին հասավ մրցաշարի լիգային փուլ՝ դառնալով իր երկրի առաջին թիմը, որին հաջողվել է երկու մրցաշրջան անընդմեջ հանդես գալ եվրագավաթների հիմնական փուլում։ Երկրորդ դեպքում «Շեմրոկ Ռովերսը» լիգային փուլն ավարտեց 31-րդ հորիզոնականում։
Նախկինում «Շեմրոկ Ռովերսը» չի հանդիպել Հայաստանի ներկայացուցիչների հետ, իսկ «Արարատ-Արմենիան» դեռ չի խաղացել իռլանդական ակումբների դեմ։
«Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակցին առանձին դիրքերում կարող են չբավարարել արագությունն ու թարմությունը, սակայն իռլանդացիներն այդ թերությունը փոխհատուցում են փորձով, խաղակցվածությամբ և կազմի խորությամբ։ Հայկական թիմը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ստանդարտ իրավիճակներին, հարձակման գծում Բերքի և Բիրնի գործողություններին, ինչպես նաև եզրերով երիտասարդ ֆուտբոլիստների միացումներին։
Թիմի ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 6,63 միլիոն եվրո («Արարատ-Արմենիայինը»՝ 8,6 միլիոն եվրո)։ Թիմում ընդգրկված են հինգ լեգեոներ և ազգային հավաքականների չորս գործող ֆուտբոլիստներ։