Տուլիպան «Շեմրոք Ռովերսի» հետ հանդիպումից առաջ․ «Մենք սիրում ենք նման մարտահրավերները և կարող ենք խաղալ ուժեղ թիմերի դեմ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում իռլանդական «Շեմրոք Ռովերսի» դեմ դիմակայությանը թիմի պատրաստության մասին, գնահատել մրցակցին, ընդգծել գնդակի վերահսկման կարևորությունը և ներկայացրել կազմային իրավիճակը առաջին խաղից առաջ։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը «Արարատ-Արմենիայի» և «Շեմրոք Ռովերսի» միջև կկայանա հուլիսի 21-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Խաղից առաջ հայկական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան պատասխանել է լրագրողների հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում։
Մանուել Տուլիպայի մամուլի ասուլիսը
— Ի՞նչ կարծիք ունեք «Շեմրոք Ռովերսի» մասին։
— Սա մի թիմ է, որը սովոր է այս մակարդակի հանդիպումներին։ Նրանք խաղում են անգլիական ֆուտբոլ՝ ֆիզիկապես ուժեղ, արագ հակագրոհներով։ Նրանք ֆիզիկական պատրաստվածության առումով առավելություն ունեն, քանի որ գտնվում են մրցաշրջանի ակտիվ փուլում և ավելի շատ խաղային պրակտիկա ունեն։
Մենք շատ լավ ուսումնասիրել ենք այս թիմին՝ ինչպես ընթացիկ մրցաշրջանի, այնպես էլ նախորդ տարվա հանդիպումների հիման վրա։ Նրանք ունեն հստակ մշակված խաղաոճ և կայացած կոլեկտիվ են։ Այս դիմակայությունում հաղթելու համար մենք պետք է խաղադաշտում ամբողջությամբ նվիրվենք։
Մեզ համար գլխավոր խնդիրը գնդակի վստահ վերահսկումն է, մրցակցի պրեսինգից դուրս գալը և պաշտպանների թիկունքում ազատ տարածություններ ստեղծելը։
— Դուք «Արարատ-Արմենիայում» աշխատում եք մեկ տարուց մի փոքր ավելի, իսկ «Շեմրոք Ռովերսի» գլխավոր մարզիչը թիմը ղեկավարում է շուրջ 10 տարի։ Իռլանդական թիմն ունի նաև եվրագավաթային մեծ փորձ։ Որքանո՞վ կարող է դա ազդել արդյունքի վրա։
— Իհարկե, կարևոր է, երբ մարզիչը երկար ժամանակ աշխատում է թիմի հետ և արդեն հասել է որոշակի հաջողությունների։ Սա իմ երկրորդ մրցաշրջանն է ակումբում, բայց մեր մարզչական շտաբը կատարել է ղեկավարության կողմից դրված բոլոր առաջադրանքները, իսկ ֆուտբոլիստները շատ արագ հարմարվեցին մեր պահանջներին։
Մեր թիմը սիրում է նման մարտահրավերները։ Մենք ցանկանում ենք և կարող ենք խաղալ ամենաուժեղ մրցակիցների դեմ։ Մեր ֆուտբոլիստներն ավելի վստահ են իրենց զգում, երբ խաղում են ուժեղ թիմերի դեմ։ Դա օգնում է ինձ փոխանցել իմ գաղափարները և ներդնել իմ խաղային փիլիսոփայությունը։
Խաղերի ընթացքում ես կարող եմ արագ ազդել հանդիպման ընթացքի վրա, կատարել փոխարինումներ և մարտավարական փոփոխություններ, քանի որ ֆուտբոլիստները լավ են հասկանում իմ պահանջներն ու մեր խաղաոճը։ Մենք կարող ենք փոխել խաղը՝ կախված մրցակցի գործողություններից։
— Իռլանդիայի առաջնությունն այժմ ընթացքի մեջ է, իսկ «Շեմրոք Ռովերսը» լավ մարզավիճակում է։ Ինչպե՞ս կարող է դա ազդել դիմակայության վրա։
— Սա թիմերի միջև հիմնական տարբերությունն է։ «Շեմրոքը» գտնվում է լավ խաղային վիճակում, իսկ մենք ունենք խաղային պրակտիկայի պակաս։ Բայց դա մեզ չի վախեցնում։
Դրան հակազդելու լուծումներ կան։ Ճիշտ որոշումներով և որակյալ խաղով կարելի է լրացնել խաղային փորձի պակասը։
Մեզ համար ամենակարևորը գնդակի վերահսկումն է։ Սա իմ ոճն է․ մենք պետք է վստահ տիրենք գնդակին և թելադրենք մեր պայմանները։ Բայց «Շեմրոքն» էլ է սիրում խաղալ նման ոճով, ուստի կհաղթի այն թիմը, որն ավելի լավ կկարողանա պարտադրել իր խաղը։
— Ինչպե՞ս ձեր թիմին հաջողվեց շրջել «Ռիգայի» դեմ պատասխան խաղի ընթացքը՝ առաջին խաղակեսում երկու գնդակ բաց թողնելուց հետո։
— Երբ պարտվում ես երկու գնդակով, այլ ելք չի մնում, քան ռիսկային որոշումներ ընդունելը։ Մենք կատարեցինք կարևոր փոփոխություններ, փոխեցինք Ուգո Օլիվեյրայի դիրքը, խաղադաշտ դուրս բերեցինք Արմեն Համբարձումյանին։ Մենք կարողացանք ավելի շատ ազատ տարածություններ գտնել, ուժեղացրինք պրեսինգը և դրա շնորհիվ խփեցինք երկու գոլ։
— Ի՞նչ վիճակում է այժմ Ալեքսանդրոս Մալիսը։ Պատրա՞ստ եք կիրառել երեք կենտրոնական պաշտպանով սխեմա։
— Մալիսը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է խաղալ։ Մենք դիտարկում ենք երեք կենտրոնական պաշտպանով տարբերակը։
Եթե մրցակիցը օգտագործի երկար փոխանցումներ և բարձրացումներ, մեզ կարող են անհրաժեշտ լինել երեք կենտրոնական պաշտպաններ։ Այդպիսի սխեման կարող է նաև օգնել ավելի հեշտ դուրս գալ մրցակցի պրեսինգից։
Պարտադիր չէ, որ մենք ամբողջ հանդիպումն անցկացնենք այդ տարբերակով, բայց որոշ պահերի կարող ենք օգտագործել հինգ պաշտպանով դասավորություն։
— «Շեմրոք Ռովերսը» Մալթայում 0:2 հաշվով պարտվեց «Ֆլորիանային»։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված իռլանդական թիմի անհաջող խաղը։
— Ես մանրամասն ուսումնասիրել եմ «Շեմրոքի» վերջին երեք հանդիպումները՝ Մալթայում կայացած խաղը, պատասխան հանդիպումը և Իռլանդիայի գավաթի խաղը։ Այդ երեք հանդիպումները շատ տարբեր էին։
Մալթայում թիմերը խաղացին արհեստական խոտածածկով դաշտում, և դա շատ բան է փոխում։ «Ֆլորիանան» առաջին խաղում շատ լավ էր պաշտպանվում, ինչի շնորհիվ կարողացավ հաղթել։
Սակայն պատասխան խաղում, «Ֆլորիանայի» և նրա պորտուգալացի մարզչի նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ, նրանք ընտրեցին անսովոր մարտավարություն և պաշտպանական մոտեցում։ Գրեթե բոլոր մենամարտերում առավելությունը «Շեմրոքինն» էր, իսկ նրանց գրոհները հաճախ ավարտվում էին վտանգավոր պահերով և գոլերով։
Երկրորդ խաղում «Շեմրոք Ռովերսը» հաղթեց «Ֆլորիանային» 5:1 հաշվով և երկու խաղերի արդյունքում (5:3) դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Նախորդ փուլում «Արարատ-Արմենիան» հաղթահարել էր լատվիական «Ռիգայի» արգելքը՝ ընդհանուր 4:3 հաշվով։