Տուլիպան Կրայովայում կայանալիք խաղից առաջ․ «Մեր նպատակը փոխվել է․ հիմա ցանկանում ենք Եվրոպա լիգա դուրս գալ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և թիմի պաշտպան Ուգու Օլիվեյրան Կրայովայում պատասխանել են լրագրողների հարցերին՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ունիվերսիտատյա Կրայովայի» դեմ առաջին հանդիպման նախօրեին։
Հայաստանի չեմպիոնի ներկայացուցիչները խոսել են հանդիպման նախապատրաստության, ռումինական ակումբի ուժեղ կողմերի, կադրային կորուստների և թիմի հավակնությունների մասին։ «Արարատ-Արմենիան» արդեն ապահովել է իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլին, սակայն այժմ ցանկանում է հաջորդ քայլն անել և դուրս գալ Եվրոպա լիգա։
Առաջին հանդիպումը կկայանա Կրայովայի «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։ Հայաստանի և Ռումինիայի չեմպիոնների դիմակայության հաղթողը դուրս կգա Եվրոպա լիգայի լիգայի փուլ, իսկ պարտվողը մրցաշրջանը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։
«Ունիվերսիտատյա» Կրայովա — «Արարատ-Արմենիա» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը
Ուգու Օլիվեյրա․ «Նման խաղերում ֆավորիտներ չեն լինում»
— «Ունիվերսիտատյա Կրայովային» համարո՞ւմ եք հանդիպման ֆավորիտ։
— Նման խաղերում ֆավորիտներ չեն լինում։ Կարծում եմ՝ երկու թիմերն էլ լավ են պատրաստվել և պատրաստ են խաղին։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է դրանում, մենք կփորձենք խաղադաշտում ցույց տալ, որ արժանի ենք հանդես գալ Եվրոպա լիգայի լիգայի փուլում։
— Եթե «Ունիվերսիտատյա Կրայովան» համեմատենք ձեր անցած տարվա մրցակից «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ, ապա Կրայովայի կազմը զգալիորեն ավելի թանկ է և, հավանաբար, թիմն էլ ավելի ուժեղ է։ Եթե կարողանաք հաղթահարել նման մրցակցի արգելքը, դա կարելի՞ է հրաշք անվանել։
— Մենք այդպես չենք մտածում։ Թիմի ուժը չի որոշվում կազմի արժեքով, և մենք նման թվերին չենք նայում։ Այո, նախորդ մրցաշրջանում հաղթեցինք «Կլուժին» և պատրաստ ենք նման հանդիպումների։ Այս եվրագավաթային մրցաշրջանում արդեն հաղթահարել ենք «Շեմրոք Ռովերսի» և «Ռիգայի» արգելքները, շատ մոտ էինք «Ցելյեին» հաղթելուն, բայց, ցավոք, չստացվեց։ Ի վերջո, նման խաղերում մենք միշտ պայքարում ենք միայն հաղթանակի համար։
— «Արարատ-Արմենիայում» դուք մի փոքր հիշեցնում եք Ֆեդերիկո Վալվերդեին «Ռեալում»․ անընդհատ փոխում եք դիրքերը՝ խաղալով թե՛ կիսապաշտպանության կենտրոնում, թե՛ պաշտպանության եզրում։ Որքանո՞վ է դժվար հանդիպման ընթացքում կամ հենց խաղից առաջ փոխել դիրքը։
— Շատ շնորհակալ եմ ինձ Վալվերդեի հետ համեմատելու համար, բայց նրա մակարդակին հասնելու համար դեռ շատ աշխատանք ունեմ անելու։ Նախամրցաշրջանային խաղերում նույնպես հաճախ էինք փոխում դիրքերը։ Ես ցանկացած պահի պատրաստ եմ մարզչի պահանջով տեղափոխվել այլ դիրք։ Ինձ համար ամենակարևորը թիմին ցանկացած հնարավոր եղանակով օգնելն է։ Ուրախ եմ, որ անհրաժեշտության դեպքում կարող եմ տարբեր դիրքերում խաղալ և օգտակար լինել։ Ինձ լավ եմ զգում թե՛ կիսապաշտպանության կենտրոնում, թե՛ պաշտպանության եզրում։
— Եթե ինքներդ ընտրեիք ձեր դիրքը խաղադաշտում, ո՞րը կնախընտրեիք։
— Ավելի լավ է այդ հարցը մարզչին ուղղեք։ Ես ուրախ եմ խաղալ այնտեղ, որտեղ ինձ տեսնում է մարզիչը։ Երջանիկ եմ այսպիսի բարձր մակարդակում հանդես գալու և թիմին օգտակար լինելու համար։
— Դուք «Արարատ-Արմենիա» տեղափոխվեցիք անցած ամռանը, իսկ հիմա արդեն հայտնի է, որ այս մրցաշրջանում թիմը հաստատ հանդես կգա եվրագավաթներից մեկի լիգայի փուլում։ Առջևում շատ մեծ հանդիպումներ կան։ Որքանո՞վ է ձեր մոտիվացիան տարբերվում նախորդ մրցաշրջանի համեմատ։
— Իհարկե, մոտիվացիան շատ մեծ է։ Որակավորման յուրաքանչյուր փուլի հետ մրցակիցների մակարդակը բարձրանում է, բայց հենց դա էլ հաճելի է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ հնարավոր ամենաբարձր մակարդակում։ Ես մեծ հավակնություններ ունեմ։ Հաջորդ մրցաշրջանում կցանկանայի խաղալ նաև Չեմպիոնների լիգայում։
Մենք ցանկանում ենք մեր լավագույն խաղը ցույց տալ եվրագավաթներում, բայց միաժամանակ ուզում ենք կրկին դառնալ երկրի չեմպիոն, որպեսզի նորից մասնակցենք Չեմպիոնների լիգայի որակավորմանը։ Հետևաբար, մոտիվացիան հսկայական է։
— «Արարատ-Արմենիան» նախընտրում է խաղալ գնդակով, բայց «Կրայովան» նույնպես ձգտում է վերահսկել այն։ Եթե խաղաք կիսապաշտպանությունում, կլինեք գնդակի վերահսկման համար պատասխանատու ֆուտբոլիստներից մեկը։ Որքանո՞վ է իրատեսական նման մրցակցի դեմ նախաձեռնությանը տիրելը։
— Մարզիչները մանրամասն բացատրել են մեզ մրցակցի ուժեղ և թույլ կողմերը։ Մենք պետք է և պատրաստ ենք վերահսկել գնդակը՝ անկախ նրանից, թե անձամբ ես որ դիրքում կխաղամ։ Մեր գլխավոր խնդիրներից մեկը հնարավորինս շատ գնդակին տիրելն է։
Մանուել Տուլիպա․ «Սկզբնական նպատակը Կոնֆերենցիաների լիգան էր, հիմա ավելին ենք ուզում»
— «Կրայովան» նույնպես պորտուգալացի մարզիչ ունի։ Ստացվում է՝ մեզ հետաքրքիր պորտուգալական մարզչական դիմակայությո՞ւն է սպասվում։
— Այո, ճիշտ եք, բայց թիմերը բոլորովին տարբեր ֆուտբոլ են խաղում։ Ֆիլիպե Կոելյուի ոճը շատ է տարբերվում իմից։ «Կրայովան» նախընտրում է ավելի ուղիղ, ուղղահայաց ֆուտբոլ, իսկ ես ավելի շատ սիրում եմ դիրքային խաղը։
— Այս եվրագավաթային մրցաշրջանի նախորդ երեք դիմակայություններում առաջին հանդիպումն անցկացնում էիք տանը, իսկ այժմ սկսում եք արտագնա խաղով։ Որքանո՞վ է դա փոխում խաղի նկատմամբ մոտեցումը և արդյո՞ք առավելություն է տալիս պատասխան հանդիպումից առաջ։
— Երեկ տեսանք մրցակցի մարզադաշտը․ այն շատ մեծ է և գեղեցիկ։ Վստահ եմ՝ «Կրայովան» մեծ թվով երկրպագուների աջակցությամբ լավ է օգտագործում սեփական դաշտի առավելությունը։
Բայց մեզ համար սկզբունքային նշանակություն չունի՝ առաջին հանդիպումն անցկացնում ենք տանը, թե արտագնա։ Դրանից մեր նախապատրաստությունը չի փոխվում։ Մեր խնդիրն է վերահսկել խաղն ու գնդակը։ Թե մրցակիցը որքան թույլ կտա դա անել, արդեն այլ հարց է։ Բայց մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր ոճից։
— «Ցելյեի» դեմ նախորդ խաղում Խուլիո Բուենոն և Արթուր Սերոբյանը գործում էին նույն եզրում, և նրանց միջև մեծ տարածություն էր առաջանում։ Արդյունքում Սերոբյանը ստիպված էր շատ խոր իջնել պաշտպանություն, ինչի պատճառով արագ հոգնեց։ Դա դիտարկե՞լ եք որպես խնդիր։
— Այո, լավ հարց է։ Բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև այլ կողմեր։ Դրա շնորհիվ մենք ավելի լավ էինք պաշտպանվում, ինչպես նաև հնարավորություն էինք ստանում օգտագործելու այն ազատ գոտիները, որոնք առաջանում էին երեք կենտրոնական պաշտպանով խաղացող մրցակցի մոտ։
Առանձին ցանկանում եմ նշել Արթուր Սերոբյանի հիանալի խաղն այդ հանդիպմանը։ Իհարկե, երբ վինգերը սովորականից ավելի հաճախ է ստիպված լինում իջնել պաշտպանություն, ավելի շատ ուժ է ծախսում։
Ավելացնեմ նաև, որ այս որակավորման ընթացքում արդեն հաղթահարել ենք ուժեղ թիմերի արգելքները և այդ խաղերի շնորհիվ դարձել ենք ավելի ուժեղ ու փորձառու՝ թե՛ թիմային, թե՛ անհատական առումով։ Հենց նման դժվարություններն են մեզ հնարավորություն տալիս զարգանալ։ Դրանց շնորհիվ էլ հիմա այստեղ ենք։
— 2019 թվականին «Արարատ-Արմենիան» շատ մոտ էր Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալուն։ Այդ ժամանակ Կոնֆերենցիաների լիգան դեռ գոյություն չուներ։ Այդ պատմությունն արդյո՞ք լրացուցիչ մոտիվացիա է տալիս ներկայիս թիմին։
— Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես թիմի առջև որոշակի նպատակներ եմ դնում։ Սկզբնական խնդիրը Կոնֆերենցիաների լիգա դուրս գալն էր, և մենք արդեն կատարել ենք այն։ Բայց քանի որ շարունակում ենք առաջ շարժվել, մեր նպատակը փոխվել է․ հիմա ցանկանում ենք դուրս գալ Եվրոպա լիգա։
Մենք շնորհակալ ենք ֆուտբոլիստներին, որ արդեն ապահովել են թիմի մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլին, բայց հիմա ավելին ենք ուզում։
Իհարկե, դժվար է լինելու։ Որոշակի խնդիրներ ունենք, մեզ սպասվում է խաղ 30-հազարանոց մարզադաշտում։ Մթնոլորտի և հանդիպման կարևորության պատճառով ֆուտբոլիստները կարող են գերլարվել։ Բացի այդ, մեզ չեն կարող օգնել մեր երկու ավագները՝ Կամո Հովհաննիսյանն ու Արմեն Համբարձումյանը։
Դա նշանակում է, որ մենք պետք է ցույց տանք մեր ամենաուժեղ կողմերը։ Ես բոլոր հնարավոր միջոցներով փորձում եմ թիմին մոտիվացնել հաջողության հասնելու համար։
— Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում դուք հանդես էիք գալիս կիսապաշտպանությունում։ Դա ազդեցե՞լ է այնպիսի թիմ կառուցելու ձեր ցանկության վրա, որը շատ է տիրում գնդակին։
— Իհարկե։ Երբ կարիերան ավարտելուց հետո դառնում ես մարզիչ, որոշ չափով սեփական ֆուտբոլային նախասիրությունները տեղափոխում ես թիմի խաղաոճ։ Երբ ես էի խաղում, ինձ համար շատ ավելի հարմարավետ էր, երբ իմ թիմն էր տիրում գնդակին։
Ուրախ եմ, որ այժմ ունեմ ֆուտբոլիստներ, որոնց կարող եմ փոխանցել խաղի վերաբերյալ իմ պատկերացումները։ Շատ կարևոր է նման խաղացողներ ունենալը։ Հակառակ դեպքում ստիպված կլինեի փոխել իմ ոճը։ Բարեբախտաբար, մեր ֆուտբոլիստները պատրաստ են հետևել այդ սկզբունքներին։