Տուլիպան՝ ԱԶ-ի դեմ խաղից առաջ. «Մենք պարտավոր ենք փոխվել՝ արդյունքի հասնելու համար»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և թիմի կիսապաշտպան Խուան Բալանտան մասնակցել են ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրի՝ նիդեռլանդական ԱԶ-ի դեմ հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիսին։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին Երևանում և կմեկնարկի տեղական ժամանակով 20:45-ին։
Երկու տուրից հետո «Արարատ-Արմենիան» դեռ միավոր չի վաստակել՝ պարտվելով Պրահայի «Սպարտային» և լեհական «Յագելոնիային»։ ԱԶ-ն մրցաշարը սկսել է անգլիական «Սանդերլենդից» կրած պարտությամբ, որից հետո հաղթել է իսրայելական Բեեր Շևայի «Հապոելին»։
Առաջիկա հանդիպումից առաջ հայկական ակումբը բախվել է կադրային լուրջ խնդիրների։ Վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն Կամո Հովհաննիսյանը, Խուլիո Բուենոն և Զիդան Բանջակին, իսկ Ալվին Տերայի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։
Մամուլի ասուլիսի ընթացքում Տուլիպան խոսել է հանդիպմանը նախապատրաստվելու, թիմի խաղաոճը պահպանելու անհրաժեշտության, կադրային կորուստների և հարձակվողների հեռանկարների մասին։ Բալանտան իր հերթին անդրադարձել է ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությանը, խիտ խաղացանկին և առաջիկա մրցակցին։
«Արարատ-Արմենիա» – ԱԶ հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիսը
Խուան Բալանտա. «Ցանկանում ենք մեր առաջին հաղթանակը տանել Եվրոպայի լիգայում»
— «Յագելոնիայի» դեմ նախորդ խաղից սպասելիքները մեծ էին։ Դուք առաջինը բացեցիք հաշիվը, սակայն արդյունքում չկարողացաք դրական արդյունքի հասնել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը։
— Դժվար խաղ ստացվեց։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը, գոլ խփեցինք, բայց հետո կենտրոնացման հետ կապված խնդիրներ առաջացան։ Ամեն դեպքում թիմը շարունակում է աշխատել և զարգանալ։ Վստահ եմ, որ առաջիկա խաղերում կանենք հնարավոր ամեն ինչ՝ ամբողջ 90 րոպեների ընթացքում կենտրոնացումը պահպանելու և միավորներ վաստակելու համար։
— Մրցաշրջանի սկզբում առողջական խնդիրներ ունեիք։ Այժմ Ձեզ զգո՞ւմ եք լավագույն ֆիզիկական մարզավիճակում։
— Այո, իսկապես, ֆիզիկական պատրաստվածության հետ կապված որոշ խնդիրներ և վնասվածքներ ունեի, որոնք դեռ նախորդ մրցաշրջանից էին շարունակվում։ Բարեբախտաբար, հիմա այդ ամենն անցյալում է։ Ես գտնվում եմ լավագույն մարզավիճակում և կարող եմ լիարժեք օգնել թիմին։
— Ինչպե՞ս է թիմի վրա ազդում գրեթե յուրաքանչյուր երեք օրը մեկ հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը։
— Իհարկե, նման խաղացանկը ֆիզիկապես շատ ծանր է։ Բայց, բարեբախտաբար, մենք ունենք մեծ կազմ, իսկ մարզչական շտաբը ճիշտ ռոտացիա է իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր հանդիպման մոտենանք հնարավորինս լավ ֆիզիկական վիճակում։ Հուսով եմ՝ խիտ խաղացանկը չի խանգարի մեզ որակյալ ֆուտբոլ ցուցադրել։
— Ձեզ սպասվում է հանդիպում Նիդեռլանդների ուժեղագույն ակումբներից մեկի դեմ։ Ի՞նչ եք մտածում ԱԶ-ի մասին։
— Եվրոպայի լիգայում շատ ուժեղ թիմեր են հանդես գալիս, և մեր հաջորդ մրցակիցը դրանցից մեկն է։ Բայց մենք ցանկանում ենք հաճույք ստանալ սեփական հարկի տակ՝ մեր երկրպագուների առջև խաղալուց և, իհարկե, կփորձենք տանել մեր առաջին հաղթանակն այս մրցաշարում։
— Զգո՞ւմ եք մակարդակների տարբերությունը Հայաստանի առաջնության և Եվրոպայի լիգայի միջև։
— Հայաստանի առաջնությունը բավական բարձր մակարդակ ունի, այստեղ ինտենսիվ և բարդ հանդիպումներ են անցկացվում։ Այդ պատճառով մեզ համար այնքան էլ դժվար չէ անցում կատարել եվրագավաթային խաղերին։ Մենք մշտապես պահպանում ենք խաղային տոնուսը։
Մանուել Տուլիպա. «Եվրոպայի լիգայում չի կարելի վախենալ ուժեղ մրցակիցներից»
— «Արարատ-Արմենիան» պարտվել է Եվրոպայի լիգայի մեկնարկային երկու հանդիպումներում։ Ինչպիսի՞ մթնոլորտ է այժմ թիմում։
— Մենք շատ լավ հասկանում ենք, որ հանդես ենք գալիս չափազանց բարդ մրցաշարում։ Բայց շարունակում ենք առաջ շարժվել և կփորձենք յուրաքանչյուր հանդիպման հետ բարելավել մեր խաղը։
— Կարելի՞ է ասել, որ «Արարատ-Արմենիան» այս մրցաշրջանում դեռ չի հասել իր լավագույն մարզավիճակին։ Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի թիմը հասնի առավելագույն մակարդակի։
— Առաջին հերթին պետք է մանրամասն վերլուծենք Եվրոպայի լիգայի նախորդ երկու հանդիպումները, հասկանանք մեր թույլ տված սխալները և առանձնացնենք դրական կողմերը։
Առաջինը, որ կցանկանայի նշել, այն է, որ երկու հանդիպումներում էլ կարող էինք միավորներ վաստակել, բայց, ցավոք, դա մեզ չհաջողվեց։ Մենք լավ էինք նախապատրաստվել, սակայն առանձին դրվագներում սխալներ թույլ տվեցինք, որոնք ազդեցին արդյունքի վրա։
Կարևոր է հասկանալ, որ Եվրոպայի լիգան Եվրոպայի երկրորդ կարևորագույն ակումբային մրցաշարն է և, հնարավոր է, աշխարհի ուժեղագույն մրցաշարերից մեկը։ Ուստի չպետք է վախենանք ուժեղ մրցակիցներից։ Մենք պետք է կենտրոնանանք սեփական խաղի և սխալների ուղղման վրա։
Ես շատ եմ ցանկանում, որ իմ թիմը երբեք չհրաժարվի իր խաղաոճից, ձգտի տիրել գնդակին և վերահսկել հանդիպման ընթացքը։ Բայց նաև հասկանում ենք, որ Եվրոպայի լիգայում երբեմն անհրաժեշտ է հարմարվել, փոխել սովորական մոտեցումը և ավելի հաճախ օգտագործել երկար փոխանցումներ։
— Որքանո՞վ է կարևոր ԱԶ-ի դեմ դրական արդյունքի հասնելը մրցաշարի մեկնարկում կրած երկու պարտություններից հետո։
— Առաջին երկու հանդիպումներից հետո հայտնվել ենք բարդ իրավիճակում։ Բայց առջևում դեռ շատ խաղեր կան, և իրավիճակը կարող է փոխվել։
Ես ֆուտբոլիստներին ասել եմ, որ մեր մրցակիցների թվում կան չորս թիմեր, որոնց դեմ մենք կարող ենք միավորներ վաստակել։ Դրանցից մեկի՝ «Յագելոնիայի» դեմ արդեն խաղացել ենք և, ցավոք, չենք հասել ցանկալի արդյունքի։ Բայց առջևում դեռ երեք նման մրցակից կա, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ միավորներ վաստակելու համար։
— Ի՞նչ վիճակում է այժմ Զիդան Բանջակին։ Որքանո՞վ է լուրջ նրա վնասվածքը։
— Ցավոք, Զիդանը ծնկի լուրջ վնասվածք ունի։ Առայժմ չգիտենք, թե երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ։ Մի բան կարող եմ հաստատ ասել՝ վաղվա հանդիպմանը նա չի մասնակցի։
— Տարեսկզբին ԱԶ-ն արդեն այցելել էր Երևան՝ «Նոայի» դեմ հանդիպման համար։ Ուսումնասիրե՞լ եք այդ խաղը առաջիկա հանդիպմանը նախապատրաստվելիս։
— Իհարկե։ Ես մանրամասն ուսումնասիրել եմ ԱԶ-ի՝ «Նոայի» դեմ հանդիպումը, ինչպես նաև դիտել եմ նիդեռլանդական թիմի ևս երեք խաղ այս մրցաշրջանում։
Կարող եմ ասել, որ այդ ժամանակից ի վեր ԱԶ-ն լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։ «Նոան» այդ խաղում բավական փակ ֆուտբոլ էր խաղում՝ օգտագործելով հինգ պաշտպանով և չորս կիսապաշտպանով սխեմա։
Բայց մենք պատրաստվում ենք այլ կերպ խաղալ։ Հասկանում եմ, որ սա Եվրոպայի լիգան է, և մեզ շատ ուժեղ թիմ է դիմակայելու, սակայն ցանկանում ենք նման մրցակիցների հետ խաղալ հավասարը հավասարի դեմ։
Հնարավոր է՝ նման մոտեցման պատճառով երբեմն միավորներ կորցնենք։ Բայց մենք չենք կարող հրաժարվել մեր խաղաոճից և կորցնել սեփական ինքնությունը։ Հակառակ դեպքում պարզապես կմոռանանք, թե ովքեր ենք մենք։
— Դուք հայտնի եք նրանով, որ կարողանում եք Ձեր որոշումներով և փոփոխություններով ազդել հանդիպումների ընթացքի վրա։ Սակայն Եվրոպայի լիգայի առաջին երկու տուրերում չհաջողվեց խաղի ընթացքում փոխել իրավիճակը։ Աշխատե՞լ եք այդ ուղղությամբ։
— Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածությանը։ Շատ կարևոր է, որ նրանք չկորցնեն ինքնատիրապետումը բարդ իրավիճակներում և շարունակեն կատարել մարզչական ցուցումները։
Մենք ունենք ուժեղ ֆուտբոլիստներ, որոնցից շատերը սովոր են հաղթել և դարձել են չեմպիոններ։ Ես վստահ եմ նրանց հնարավորություններին։
Սակայն այժմ իսկապես լուրջ կադրային կորուստներ ունենք, որոնց պատճառով խաղերի ընթացքում փոփոխություններ կատարելն զգալիորեն ավելի դժվար է դարձել։
Չեն խաղում Կամո Հովհաննիսյանն ու Խուլիո Բուենոն։ Կամոն մեզ հնարավորություն է տալիս ամբողջ հանդիպման ընթացքում պահպանել բարձր ինտենսիվությունը, թիմին հաղորդում է բնավորություն և էներգիա։ Բուենոն, իր հերթին, ապահովում է տակտիկական ճկունություն։
Բացի այդ, բացակայում է Զիդան Բանջակին, իսկ Ալվին Տերայի մասնակցությունը հարցականի տակ է։ Մենք կփորձենք անել հնարավոր ամեն ինչ՝ այդ կորուստները փոխհատուցելու համար։
ԱԶ-ն շատ ինտենսիվ ֆուտբոլ է խաղում և ակտիվորեն բարձր պրեսինգ է կիրառում։ Ուստի մեզ ծանր հանդիպում է սպասվում։
Եվրոպայի լիգայում չափազանց կարևոր է պահպանել հավասարակշռությունը և խուսափել սխալներից։ Ցավոք, «Յագելոնիայի» դեմ խաղում մենք չափազանց շատ անճշտություններ թույլ տվեցինք։
ԱԶ-ի դեմ կփորձենք գործել ավելի ուշադիր, ավելի լավ տեղաշարժվել առանց գնդակի և խուսափել չարդարացված ռիսկերից։
Մենք պարտավոր ենք փոխվել՝ արդյունքների հասնելու համար։ Ես տեսնում եմ, թե որքան են դրան սպասում մեր երկրպագուները։
Մեզ անհրաժեշտ է վերահսկել գնդակը սեփական դարպասից հնարավորինս հեռու։ Դա կօգնի նվազեցնել սխալների հավանականությունը, որոնք նման ծանրաբեռնված խաղացանկի պայմաններում գրեթե անխուսափելի են։
— «Արարատ-Արմենիայի» կազմում երեք կենտրոնական հարձակվող կա։ Սանդրո Լիման ավելի հաճախ գոլեր է խփում եվրագավաթներում, մինչդեռ Արայիկ Էլոյանն ու Ալիուն Նդուրը հիմնականում արդյունավետ են Հայաստանի առաջնությունում։ Որքանո՞վ են նրանք մոտ Եվրոպայի լիգայում թիմի հիմնական հարձակվողները դառնալուն։
— Երկու ֆուտբոլիստներին էլ ժամանակ է անհրաժեշտ։ Հարձակվողի համար շատ կարևոր է գոլեր խփելը, քանի որ գոլերի բացակայությունն ազդում է նրա ինքնավստահության վրա։ Նրանք պետք է շարունակեն աշխատել և փորձ կուտակել։
Նդուրն ավելի փորձառու ֆուտբոլիստ է, մինչդեռ Էլոյանը դեռ շատ երիտասարդ է, բայց հսկայական ներուժ ունի։
Արայիկը հիանալի է աշխատում մարզումների ժամանակ և արագ առաջադիմում է։ Ես նրա համար մեծ ապագա եմ տեսնում։ Վստահ եմ, որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ կդառնա մեր թիմի համար։
Ես միշտ ասում եմ ֆուտբոլիստներին, որ նրանք ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն խաղադաշտ դուրս գալու և թիմին օգնելու։ Անհրաժեշտ է մշտապես սովորել, զարգանալ և ձգտել ավելի լավը դառնալ։ Էլոյանը հենց այդպիսի վերաբերմունք է ցուցաբերում աշխատանքի նկատմամբ։
Ինչ վերաբերում է Սանդրո Լիմային, ապա նա ավելի լավ է համապատասխանում կոմբինացիոն ֆուտբոլին։ Նա շատ է տեղաշարժվում, ակտիվորեն համագործակցում է թիմակիցների հետ և մասնակցում գրոհների կառուցմանը։ Հենց այդ պատճառով էլ այժմ նա մեր առաջին ընտրությունն է կենտրոնական հարձակվողի դիրքում։
Էլոյանն ու Նդուրը փոքր-ինչ տարբերվում են իրենց խաղային հատկանիշներով։ Նրանք ավելի շատ կենտրոնացած են առջևի գծում խաղալու և գրոհներն ավարտելու վրա։
— Միջազգային դադարից հետո «Արարատ-Արմենիան» երեք հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակ է տարել, այն էլ՝ 1:0 հաշվով։ Ի՞նչ պետք է փոխի թիմը, որպեսզի կրկին սկսի կայուն հաղթանակներ տանել։
— Առաջին հերթին պետք է խաղադաշտ դուրս գանք հաղթելու ավելի մեծ ցանկությամբ, բայց միաժամանակ գործենք առավելագույնս կարգապահ։
Ես լիովին հավատում եմ իմ թիմին և ֆուտբոլիստներին։ Վերջին երեք հանդիպումների արդյունքները մեզ վրա լրացուցիչ ճնշում չեն գործադրում։ Մենք շարունակում ենք աշխատել և կենտրոնացած ենք հաջորդ հանդիպման վրա։