SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կայացել է Ստեփան Սարգսյանի գավաթ-2026-ի վիճակահանությունը․ Հայաստանի կազմը մրցումային առաջին օրվա համար


Կայացել է Ստեփան Սարգսյանի գավաթ-2026-ի վիճակահանությունը․ Հայաստանի կազմը մրցումային առաջին օրվա համար
Ըմբշամարտ

Սեպտեմբերի 10-ին Երևանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի անվան 26-րդ միջազգային մրցաշարի վիճակահանությունը։ Առաջին գոտեմարտերը կկայանան սեպտեմբերի 11-ին։

Հայաստանում անցկացվող խոշորագույն միջազգային ըմբշամարտի մրցաշարերից մեկին կմասնակցի 15 երկրի 181 մարզիկ։

Հայաստանի հավաքականը ներկայացված կլինի երկրի գրեթե բոլոր ուժեղագույն ըմբիշներով։ Մրցաշարի մասնակիցների թվում են Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը, Խաչատուր Խաչատրյանը և ազգային հավաքականի այլ ներկայացուցիչներ։

Մրցումային առաջին օրը՝ սեպտեմբերի 11-ին, գորգ դուրս կգան 57, 65, 74, 86 և 97 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Որակավորման գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 11:00-ին, իսկ կիսաեզրափակիչները՝ 16:30-ին։

Հայաստանի հավաքականի կազմը սեպտեմբերի 11-ի համար

57 կգ․ Մանվել Խնձրցյան, Աշոտ Գյուլնազարյան։

65 կգ․ Տիգրան Ղազարյան, Հրաչյա Մարգարյան, Հայկ Աբրահամյան, Հայկո Գասպարյան, Արեն Հայրապետյան։

74 կգ․ Նարեկ Հարությունյան, Վլադիմիր Ազարյան։

86 կգ․ Ռազմիկ Եփրեմյան, Միհրան Ամիրյան։

97 կգ․ Իգոր Սարգսյան, Մարտին Սիմոնյան, Գուրգեն Սիմոնյան։

Հայ ըմբիշներին լուրջ մրցակցություն կցուցաբերեն նաև տիտղոսակիր արտասահմանցի մարզիկները։ Երևանում հանդես կգան աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան՝ ԱՄՆ-ից, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը՝ Ռուսաստանից, Եվրոպայի չեմպիոն Իբրահիմ Իբրահիմովը՝ Ռուսաստանից, ինչպես նաև այլ հայտնի ըմբիշներ։

Մրցաշարի կազմակերպման և անցկացման համար Հայաստանի կառավարությունը Ըմբշամարտի ֆեդերացիային հատկացրել է ավելի քան 25 միլիոն դրամ։

Նախատեսված է նաև դրամական մրցանակային ֆոնդ։ Յուրաքանչյուր քաշային կարգի հաղթողը կստանա 2000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 1000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 500 դոլար։

Մրցաշարի պաշտոնական բացման արարողությունը և եզրափակիչ գոտեմարտերի առաջին մասը կկայանան սեպտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ից։ Եզրափակիչների երկրորդ մասը նախատեսված է սեպտեմբերի 13-ին, սկիզբը՝ 13:00-ին։

Ստեփան Սարգսյանի գավաթը հատուկ նշանակություն ունի հայկական ըմբշամարտի համար։ Այն Հայաստանում անցկացվող միակ ըմբշամարտի մրցաշարն է, որն ընդգրկված է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) պաշտոնական օրացույցում։

Ստեփան Սարգսյանի անվան 26-րդ միջազգային մրցաշարը կդառնա 2026 թվականին Հայաստանում անցկացվող խոշորագույն ըմբշամարտի մրցաշարերից մեկը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։