Հայաստանի Մ16 հավաքականը ջախջախեց Մոնակոյին և առաջին տեղով դուրս եկավ Եվրոբասկետի կիսաեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը չորրորդ հաղթանակը տարավ տնային Եվրոբասկետում՝ C դիվիզիոնում։
Խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը վստահորեն հաղթեց Մոնակոյի ընտրանուն՝ 110:78 հաշվով։
Հայաստանը խմբային փուլն ավարտեց առանց պարտության։ Մինչ այդ թիմը հաղթել էր նաև Ջիբրալթարին, Անդորրային և Մալթային, իսկ Մոնակոյի նկատմամբ հաղթանակը վերջնականապես ամրագրեց առաջին տեղը խմբում։
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Իթան Լեոնարդո Ղազանջյանը։ Նա խաղահրապարակում անցկացրած 35 րոպեների ընթացքում վաստակեց 33 միավոր, կատարեց 8 արդյունավետ փոխանցում և գրանցեց 5 խլում։
Ուժեղ հանդիպում անցկացրին նաև Էնթոնի Սարգսյանը, որը վաստակեց 18 միավոր և 7 ռեբաունդ, ինչպես նաև Արթուր Ասլիբեկյանը, որի հաշվին գրանցվեց 17 միավոր։ Միհայիլ Պետրովը ավելացրեց 7 միավոր, 11 ռեբաունդ և 6 փոխանցում, իսկ Դմիտրի Հաջյանը խաղն ավարտեց 7 միավորով և 8 արդյունավետ փոխանցումով։
Եվրոբասկետի Մ16 C դիվիզիոնի կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը կխաղա Մոլդովայի դեմ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին։